Հորմոնը, որն օրգանիզմում արտադրվում է սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ու երեխային կրծքով կերակրելիս, կարող է դառնալ անորեքսիայի դեմ լավագույն դեղամիջոց:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի ու կորեացի գիտնականները իրենց կատարած հետազոտության ժամանակ:
Խոսքն օքսիտոցին հորմոնի մասին է: Ընդունելով այն՝ հիվանդներն ավելի քիչ են կենտրոնանում սննդի և իրենց մարմնի արտաքին տեսքի վրա՝ պարզել են փորձերը:
Փորձն անցկացվել է Բրիտանիայում, դրան մասնակցել է 150 դեռահաս աղջիկ, որոնք տառապում են սննդային վարքի խանգարումներով՝ հայտնում է BBC-ն: Փորձի արդյունքը հրապարակված է PLOS ONE կայքում:
Լոնդոնի թագավորական քոլեջի սննդային վարքի խանգարումների փորձագետ Ջենեթ Տրեժերը ղեկավարել է հետազոտությունը: Նրա խոսքով՝ դա օքսիտոցինի ուսումնասիրման դեռ սկիզբն է, սակայն այդ նյութի՝ որպես դեղամիջոցի ուսումնասիրման պոտենցիալը արդեն իսկ ապշեցնում է:











































