Ե՞րբ է վերսկսվելու մարտիմեկյան գործի դատավարությունը:Հարցի ակտուալությունն ավելի է բարձրացել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին կրկին կալանավորելու հայտնի որոշումից հետո։ Այդ հարցը, թող չհնչի տարօրինակ, բայց, ներկայիս փուլում Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առանցքային հարցն է, եթե բացառություն անենք Արցախի հարցի համար: Գլխավոր դատախազը, մոտ երկու ամիս առաջ, գործը դատարան ուղարկելով, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավարության ընթացքում տարբեր կարգավիճակներով ներգրավված են լինելու երեք նախկին նախագահները, նախկին պաշտոնյաներ, գործիչներ: Ըստ այդմ, մարտիմեկյան դատավարության մեկնարկի ձգձգմամբ շահագրգռվածների ցանկը կարող է շատ ավելի թվով անուն ազգանուններ ընդգրկել, քան միայն Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը: Ավելին, այստեղ իրավիճակը գալիս է կարևորագույն կետերից մեկին՝ իսկ ներքին շահառուներից բացի, ժամանակի վրա խաղը չունի՞ արդյոք արտաքին շահառուներ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Ռոբերտ Ղևոնդյանը և Գոռ Հակոբյանը:
«Քոչարյանի պաշտպանական կողմի ռազմավարությունը ժամանակի ձգձգումն էր, որպեսզի Մարտի 1-ի գործով դատավարությունը չսկսվի. խոշորագույն ստրատեգիական նպատակ էր առաջադրվել՝ թույլ չտալ, որ գործը հասնի դատարան… Լավ կազմակերպված սցենարով տարբեր պաշտոնյաներ ստանձնել էին և կատարում էին փոքրիկ, բայց կարևոր դերեր…, ինչը տանում էր փակուղի, բայց այդ շղթան չաշխատեց,- նշեց Ստեփան Սաֆարյանը:- Բացարձակ անակնկալ կերպով Վերաքննիչ դատարանի դատավորը կայացրեց երկու կարևորագույն որոշում՝ մեկով փոխեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, որը քաղաքական, իրավական և հոգեբանական ազդեցություն ուներ: Բացի դրանից՝ քաղաքական առումով դա մեծագույն պարտություն էր Քոչարյանի թիմի համար, Քոչարյանը հանրության մեջ ներկայացվել էր որպես ամենազոր, որպես ամենապաշտպանված՝ ռուսական և տեղական հովանոցներով, բայց այս պատկերացումները փլուզվեցին: Դատավորի երկրորդ կարևորագույն որոշումը Ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՍԴ ուղարկված գործը հետ կանչելու վերաբերյալ էր: Սահմանադրական դատարանի ահագնացող ճգնաժամը ունի ենթատեքստ… Պետք է արձանագրել, որ ՀՀ ՍԴ-ի վրա արտաքին ազդեցություններ կան»:
Գոռ Հակոբյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը հետ է կանչվել, բայց խնդիրն այն է, որ ՍԴ-ն արդեն Ռ. Քոչարյանի երկու դիմում վարույթ է ընդունել: «Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ միակ դատավորն ինքն է, նախնական քայլ է՝ ուղղված ՍԴ նախկին կազմը դելեգիտիմացնելուն… Հին համակարգը փորձում է միավորվել և ինչ-որ կերպ դիմակայել»:
Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանում լուրջ ճգնաժամ է, որն առաջացել է այս Սահմանադրությունն ընդունելու պատճառով: Նրա խոսքով՝ կարիք կար նոր Սահմանադրություն ընդունելու կամ բարեփոխումներ իրականացնելու, որպեսզի չկանգնեինք այսպիսի կազուսի առաջ: «Այս իրավիճակում ներքին խնդիրները պետք է հավանաբար քաղաքական ազդեցությամբ լուծվեն, ՍԴ-ում պետք է լինի այն պատկերը, որը կարտացոլի այսօրվա իշխանության մոտեցումները»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, որ եթե ՍԴ-ի վրա կա արտաքին ազդեցություն, ապա դա լուրջ սպառնալիք է ՀՀ-ի համար, և այդ սպառնալիքները չեզոքացնելու ճանապարհին տեղին է քաղաքական միջամտությունը:
Մանրամասն՝ տեսանյութում:






































