Այսօր՝ մարտի 18-ին, լրացավ տաղանդավոր հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 և մահվան 15 տարին: Եվ հենց այսօր էլ նրա հարազատներն ու ընկերները ներկայացրին Տիգրան Հայրապետյանի հոդվածների երրորդ ժողովածուն։
«Մեր Տիգրանի ծննդյան 50-ամյակն է, միաժամանակ՝ մահվան 15-րդ տարելիցը, նաև՝ Տիգրանի հոդվածների երրորդ ժողովածուն: Նրա մասին ամենախոսունն այն է, որ իր ընկերները 15 տարի հետո նրան հիշում են նույն պայծառությամբ: Մենք միշտ ունենք Տիգրանի կարոտն առնելու պահանջը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Հայրապետյանի ընկերը՝ միջազգայնագետ Աղասի Ենոքյանը:
Նա հավելեց, որ Տիգրանի հրապարակախոսությունը կարդալիս դրանում նրա ջերմ սիրտն էր երևում, հայրենասիրությունը և դրա հետ միաժամանակ գիտնականի, քաղաքագետի այն ընկալումը, որ այսօր վերացել է. «Այսօրվա քաղաքագետները , մեկնաբանները՝ բոլորը ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը, այդ պատճառով այսօրվա քաղաքագետները վաղը չեն լինի, իսկ Տիգրանի 17-18 տարի առաջ գրածներն այնքան ունիվերսալ են, որ կիրառվում են նաև այսօր»:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը:










































