Հայ ազգի գերագույն նպատակը մնում է համախմբումը պատմական հայրենիքում, հստակ է նաև մի բան. ցանկացած հարցի լուծում պահանջում է ներքին և արտաքին հանգամանքների առկայություն, ուժերի հավասարակշռություն, հանգրվանային լուծում: Մարտի 18-ին «Նախախորհրդարանի» գրասենյակում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով կազմակերպված հանրային ներկայացում-քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով` հայ ժողովուրդը հասնելու է իր նպատակի իրականացմանը` հաշվի առնելով նաև տարածքում բնակվող ժողովուրդների շահերը: Ենիգոմշյանը նշում է` մենք զբաղեցնում ենք մեր երկրի մի մասը միայն: Կենդանի Հայաստանի կայացումը, պահպանումը ոչ մի այլ նկատառման զոհ չի կարող լինել, Գերագույն նպատակի իրականացումը և այսօրվա Հայաստանի հզորացումը չի կարելի հակադրել, այսօրվա կենդանի Հայաստանը վաղվա մեր հեռահար նպատակների հենքն է: «Հայաստանն այսօր լուրջ վտանգների ենթակա է, հայ ժողովրդի առաջնահերթ պարտականությունն է մեր այսօրվա հայրենիքը դուրս բերել վտանգից, դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ ժողովուրդը օտարված չէ իր հայրենիքից, այսօրվա Հայաստանը հզորացնել, արդարություն, օրինականություն հաստատել: Այս ճանապարհին հայ ժողովուրդն իրավունք չունի կատարել քայլեր, որ կվնասեն նպատակի իրականացմանը»,- ասաց նա` հավելելով, որ մերժելի է ցանկացած կեցվածք, երբ գերագույն նպատակի իրականացման ճանապարհին, կայացման, անվտանգության համար Հայաստանը պետք է զիջումների գնա:
Ենիգոմշյանը նկատեց` այսօրվա Հայաստանի անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք, մենք այսօր իրավունք չունենք պարտվողական կամ հաշտվողական վերաբերմունք ցուցաբերել: Արցախ-Նախիջևանի խնդիրները, ըստ «Նախախորհրդարանի» անդամի, կազմում են մեկ ամբողջություն, դրանք իրավունքների խնդիրներ են, որոնցից զրկվելու պատճառը Ցեղասպանությունն է:
«Ցանկացած երկրի համար Սփյուռքի առկայությունը դրական հանգամանք է. այն տվյալ երկրում ազգերի շահերի պաշտպանության գրավական է, մշակույթի ներթափանցման հնարավորություն, սակայն դա դրական է միայն թվային օպտիմալ համամասնության պայմաններում, երբ ինչ-որ տոկոսից այն կողմ չի անցնում: Հայաստանն ու հայերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ խեղաթյուրված համամասնությունը փոխվի: Ուծացման վտանգ կա, ուստի այս ժողովրդագրական պատկերը պետք է փոխենք, բացի արտագաղթի բացասական հետևանքներից, նաև ծնելիության նվազում կա, որ ժողովրդագրական պատկերը վտանգում է»,- ասաց նա:
Ենիգոմշյանի խոսքով` Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորհրդային ժամանակներում աղճատված էին ներկայացնում, դրանք չէին էլ կարող սահուն լինել, սակայն ակնհայտ է` Հայաստանի անկախացումից հետո այդ խնդիրը պետք է լուծվեր. Հայաստան նորանկախ պետությունը պետք է գուրգուրանքով վերաբերվեր Սփյուռքում տարածված հայությանը: Հայկական նոր որակի պետությունը, ըստ Ենիգոմշյանի, պետք է փոխի ընթացքը. ներկայումս գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































