Malaysia Airlines ընկերության կորած Boeing-777 ինքնաթիռի երկրորդ օդաչուն վերջինն է եղել, ով կապ է հաստատել ցամաքային ծառայությունների հետ մինչև օդանավի անհետանալը: Քննիչների ենթադրմամբ՝ նա կամ ինքնաթիռի կապիտանը հնարավոր է՝ ինքնասպանություն են գործել՝ իրենց հետ տանելով 239 ուղևորների և անձնակազմի անդամների կյանքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մարտի 8-ին Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող անհետացած ինքնաթիռի ոչ մի հետք չի հաջողվել հայտնաբերել: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնումները:
Ավիաընկերության ներկայացուցիչը երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև հիմա հայտնի չէ՝ երբ են անջատվել ինքնաթիռին հետևելու ավտոմատ համակարգերը: Սակայն սաբոտաժի կամ առևանգման վերաբերյալ կասկածներ առաջացան այն բանից հետո, երբ պարզվեց, որ ինքնաթիռից վերջին հաղորդագրությունը («ամեն ինչ կարգին է, բարի գիշեր») ստացվել է այն պահին, երբ ACARS համակարգն արդեն անջատված է եղել:









































