Մեքսիկայի Տաբասկո նահանգի ոստիկանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Բացի այդ, ոստիկանները պահանջում են Տաբասկոյի հասարակական անվտանգության նախարարության ղեկավարի հրաժարականը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ստեղծված իրավիճակը նահանգի ղեկավարությանը ստիպել է դիմել դաշնային ուժերի օգնությանը: Այժմ նահանգի քաղաքներում հասարակական կարգի պաշտպանությունը ժամանակավորապես անցել է դաշնային ոստիկանության ստորաբաժանումներին և զինծառայողներին:
Նահանգի իշխանությունները ցուցարարներին երկխոսության են հրավիրել և հայտնել նրանց պահանջների մի մասը կատարելու պատրաստակամության մասին, սակայն դեռևս հրաժարվում են փոխել հասարակական անվտանգության նախարարության ղեկավարությանը: Առանց այդ պահանջի կատարման ոստիկանները մտադիր չեն աշխատանքի վերադառնալ:







































