Ինչպես գրում է The Local-ը, Շվեդիայում տարեկան աղբն է նետվում 6 մլրդ դոլարի «տգեղ» բանջարեղեն: Իշխանությունների վերջին զեկույցի համաձայն՝ ոչ գրավիչ ապրանքները նույնիսկ չեն հասնում մթերային խանութներ. վաճառականները վստահ են, որ ճմռթված լոլիկն ու ծուռ գազարը չեն գտնի իրենց գնորդին և կփչանան՝ սումերմարկետների տերերին հասցնելով վնասներ:
«Ստիպված ենք լինում թափել մեծ քանակությամբ գազար, քանի որ այն չունի ապրանքային տեսք, բայց հաշվի առնելով ժամանակակից աշխարհի վիճակը, դա ճիշտ չէ»,- թերթին հայտնել է ֆերմերը: Նրա խոսքերով, խանութները չեն ընդունում «շատ կարճ, շատ երկար կամ անհարթ բանջարեղեն»։
Ինչպես գրում է թերթը, հենց գազարն է ամենաշատը ենթարկվում «որակազրկման»: Այսպես, ամեն տարի խանութները իրենց ունեցած գազարի մեկ քառորդը թափում են, իսկ արտադրվող մթերքի մեկ երրորդն ընդհանրապես չի հասնում գնորդին՝ ամբողջությամբ պիտանի լինելով ուտելու համար: Չնայած նրան, որ ֆերմերները վաճառում են իրենց ապրանքը որպես անասնակեր, սակայն տարեցտարի այդ խնդիրն ավելի է բարդանում, գրում են մասնագետները:
«Մենք պետք է դրան լուրջ վերաբերվենք: Նորմալ սնունդը, որը թափվում է, վնաս է մեր ապագային»,- թերթին հայտնել են Շվեդիայի գյուղատնտեսական խորհրդի անդամները:







































