Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ հուլիսի 7-ին բողոքի ակցիա էին անցկացնում փաստաբանները՝ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ:
Առիթը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ ՀՀ Արդարադատության խորհրդի (ԱԽ) կողմից իրականացվող ինկվիզիցիան է, իսկ փաստաբանների իրական պահանջները նշված էին պարզած պաստառների վրա՝ «Ո՛չ արդարադատության դահիճներին», «Առանց «դաբրոների» արդարադատություն»: ՓՊ-ի մի խումբ փաստաբաններ, դժգոհ լինելով ԱԽ որոշումից, օրեր առաջ հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում հանրապետության նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԽ միջնորդությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «2011թ. հունիսի 24-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը կայացրել է թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը՝ դիմելով Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 01.06.2011թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի գրությունը», որտեղ նա նշել է, թե դատավոր Ս. Մնացականյանը հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալաքը գրավով փոխարինելիս և ազատ արձակելիս որոշումը չի պատճառաբանել: «Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի նման գործելակերպը, որն ըստ էության արդեն իրականացնում է ինկվիզիտորի գործառույթներ»,- նշում են փաստաբանները՝ հիշեցնելով, որ Մկրտումյանի ղեկավարած ԱԽ-ը այլ դատավորների չպատճառաբանված բազմաթիվ որոշումներ ուղղակի անտեսել է:
Բացի դա, Սամվել Մնացականյանի որոշման դեմ չեն առարկել քննիչն ու դատախազը: «Գտնում ենք, որ ոչ թե դատավոր Ս. Մնացականյանի կայացրած որոշումը չի ապահովում դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը՝ նսեմացնելով դատական իշխանության հեղինակությունը, ինչպես գտել են Կարգապահական հանձնաժողովն ու Արդարադատության խորհուրդը, այլև վերջին երկու մարմինների և Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի նման գործելակերպն են նսեմացնում դատական իշխանության հեղինակությունը՝ նվազեցնելով առանց այն էլ հանրության ցածր վստահությունը դատական ակտերի և ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ։ Կոչ ենք անում Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Միաժամանակ գտնում ենք, որ պետք է վերանայվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի, Արդարադատության խորհրդի վերոհիշյալ որոշումն ընդունած անդամներ Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Ս. Օհանյանի, կարգապահական հանձնաժողովի անդամների հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը»,- նշված է հայտարարության մեջ:







































