Ոչիշխանական քառյակում «Ժառանգության» «դեսպան» Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն քառյակի կայացմանը: Կարելի է տրամաբանություն գտնել այս հայտարարության տակ, թեև հնարավոր է նաև հակառակի տրամաբանությունը՝ այս քառյակը իշխանությունների համար լավ հնարավորություն է հասարակական-քաղաքական իրավիճակը վերահսկելու և երկրում ժողովրդական որևէ ընդվզման որևէ հեռանկար կանխելու համար:
Համենայն դեպս, փորձն է ցույց տվել, թե ինչպես են քառյակի ուժերը ամեն անգամ ընդունել իշխանությունների խաղի կանոնները և ամեն անգամ փոշիացրել նույնիսկ իրենց իսկ համար անսպասելի հասարակական մոբիլիզացիան:
Սակայն խնդիրն այստեղ ամենևին դա չէ: Ի վերջո, եթե քառյակը իսկապես համախմբվել է իշխանափոխության համար՝ թեև ԲՀԿ-ն համառորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանի հասցեին որևէ բան ասելուց, ապա իշխանությունները բնականաբար կանեն ամեն ինչ, որ քառյակը չկայանա:
Իսկ ի՞նչ էին սպասում քառյակում. որ իշխանությունները ամեն հավաքի պետք է սուրճ և ծխախո՞տ մատուցեին քառյակին: Իհարկե պետք է խանգարեին, և այս դեպքի համար երևի թե պետք է ասել՝ դե, դուք էլ մի՛ խանգարվեք:
Ինչպես պետք է իշխանությունները խանգարեն, եթե քառյակն ինքը խանգարվելու ունակ չէ, խանգարվելու հակում չունի: Չորս կուսակցությունները հանդիպում են, խոսում են դեմ առ դեմ, հայացք առ հայացք, իրենք գիտեն, թե ինչ են քննարկում, ինչի համար են քննարկում, ում համար են քննարկում, ինչպես են քննարկման հարցերն ու թեմաները ընտրում: Հասարակությունն այս ամենից ոչ մի բան չգիտե, հասարակությունը միայն հարցեր է տալիս և սպասում պատասխանների:
Եվ ուրեմն, ո՞վ կարող է խանգարել չորս ուժերին՝ մնալ միասնական և ավելի ու ավելի սերտացնել համագործակցությունը, եթե ոչ հենց այդ ուժերն իրենք իրենց՝ նրանցից որևէ մեկը կամ երկուսը, կամ երեքը, կամ էլ չորսն էլ միասին: Մրցակցության մեջ՝ լինի մարզական թե քաղաքական, անհեթեթություն է մրցակցին մեղադրել քեզ խանգարելու համար: Ինչպիսին էլ լինի մրցակիցը, բնական է, որ նա պետք է փորձի խանգարել իր դիրքերին սպառնացող ցանկացած բանին: Անհեթեթություն է, եթե, ասենք, «Բարսելոնը» դժգոհի, թե «Ռեալը» խանգարում է իրեն գոլ խփել կամ դառնալ չեմպիոն: Նույնը և հակառակը՝ եթե «Ռեալը» դժգոհի, թե «Բարսելոնը» խանգարում է գոլ խփել կամ չեմպիոն դառնալ:
Հետևաբար, հայտարարությունները, որ իշխանությունները խանգարում են, ընդամենը, այսպես ասած, ինքնաապահովագրման հայտեր են քառյակի ներկայացուցիչների մատուցմամբ, որոնցով նրանք փորձում են քառյակում, այսպես ասած, ապահովագրել իրենք իրենց՝ հետագա արդյունքների համար պատասխանատվությունից:
Դրանում, ըստ էության, արտահայտվում է իրականում առկա փոխադարձ անվստահությունը, ինչը ևս ըստ էության հասկանալի է: Չորս ուժերի, այսպես ասած, քաղաքական պատմությունն իշխանությունների հետ զանազան գործարքների պատմություն է, և հասկանալի է, որ իմանալով, թե ում հետ գործ ունեն ըստ էության, չորս ուժերը պետք է որ մտածեին իրենց համար ալիբի ստեղծելու մասին:










































