ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Լյու Ցզեին ներկայացրել է եռաստիճան ծրագիր, որն իր երկիրն առաջարկում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար՝ փոխանցում է Reuters-ը:
«Մենք կուզենայինք կարգավորմանն ուղղված 3 քայլ առաջարկել: Առաջին՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել միջազգային համակարգման մարմին, որի մեջ կմտնեն շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները: Այն նախատեսված կլինի բոլոր կողմերից քննարկելու խնդրի քաղաքական լուծման հնարավորությունները: Երկրորդ՝ կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրման: Երրորդ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտները պետք է մշակեն Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունությունը պահպանելու ռազմավարություն»,- ասել է Լյու Ցզեին այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո է դրել բանաձևի նախագծի վրա, որով ենթադրվում էր չեղյալ հայտարարել Ղրիմի հանրաքվեն:
Լյու Ցզեին ասել է, որ բոլոր պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հետևելը Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է՝ նշելով, որ «դրսից միջամտությունն» Ուկրաինայում դաժան բախումների, և որպես հետևանք՝ ճգնաժամի պատճառներից մեկն է:
Նա նշել է, որ ճգնաժամը կհաղթահարվի, եթե Ուկրաինան սկսի գործել օրինականության և կարգուկանոնի սահմաններում՝ ջանալով բանակցությունների ճանապարհով հնարավորինս շուտ հարթել ներքին հակասությունները և հարգելով Ուկրաինայի ողջ ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը:







































