Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու մայիսի 18–ի որոշումը կայացնելով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որն ազդել է գործի ելքի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Դատախազի խոսքով, թեև դատարանը կասկածի տակ չի դրել գործով ձեռք բերված փաստական տվյալներով Քոչարյանին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով մեղսագրված արարքների կատարմանը նրա առնչության հիմնավոր կասկածը, սակայն ըստ նրա՝ անհասկանալիորեն, առանց պատճառաբանության դատավոր Դավիթ Գրիգորյանը միտք է արտահայտնել այն մասին, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով։










































