Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով մարտի 12-ին կայացած դատական նիստում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ինքը` փաստաբանը` հավելելով, որ փաստի վերաբերյալ արդեն դիմել է դատախազություն:
Հիշեցնենք` Նիկոլայ Բաղդասարյանը նախօրոք դիմել դատարան` մարտի 12-ին նշանակված նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ ինքն այդ օրը մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցեր Շենգավիթի դատարանում: Բացի այդ, Վարդան Պետրոսյանը 2 նոր փաստաբաններ է հրավիրել Ֆրանսիայից, որոնք ևս պետք է մասնակցեն դատավարությանը: Եվ քանի որ նոր փաստաբանները Հայաստան են ժամանելու միայն մարտի 25-ից հետո, Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել էր հետաձգել նիստը:
«Այդ մասին նախօրոք տեղյակ ենք պահել նաև տուժող կողմին, տուժողի ներկայացուցչին և դատախազությանը, որպեսզի տուժողներն իզուր չգան հասնեն դատարան և ավելորդ հոգեբանական ցնցման չենթարկվեին»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Եվ, այնուամենայնիվ, նիստը նախանշված օրը կայացել է, տուժողները նիստին ներկայացել են և հայտնել, թե տեղյակ չեն եղել նիստի հետաձգման մասին:
«Եվ դատի ժամանակ, առանց որևէ պատճառի, իմ անձին վիրավորական արտահայտություններ են անում, այն դեպքում երբ ես տեղյակ պահել եմ իրենց ներկայացուցչին, որ նիստը պետք է հետաձգվի»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում








































