Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, շարունակվում են փոխհրաձգությունները սունիական և ալավիական թաղամասերի միջև: «Ալ-Մանար» հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ բախումների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 39 մարդ:
Լիբանանի բանակը վերահսկողություն է սահմանել հյուսիսային մայրաքաղաքի հիմնական փողոցների վրա: Զինված խմբավորումների հետ բախումների հետևանքով վիրավորվել է հինգ զինծառայող:
Սիրիամետ Արաբական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Ռիֆաթ Իդը, ով ալավի է, ուրբաթ հայտարարել է կրակի միակողմանի դադարեցման մասին:
Տրիպոլիում ծագած հակամարտությունն անմիջականորեն կապված է հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Տեղի սունիներն աջակցում են սիրիական ընդդիմությանը, իսկ ալավիները և շիական «Հըզբոլլահ» խմբավորումը՝ Դամասկոսի կառավարությանը:









































