Քիչ առաջ ոչ իշխանական քառյակի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» նիստից դուրս եկան «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները: Նրանցից Գևորգ Գորգիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկել են մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված հարցեր: Նրա խոսքով՝ իրենք համագործակցում են չորս խմբակցությունների հետ, որոնց անդամները ներկա են լինելու հանրահավաքին: Լրագրողների հարցին ի պատասխան, թե այդպիսով արդյոք չի՞ քաղաքականացվում շարժումը, հատկապես, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օրերս հայտարարել էր, թե իր տպավորությամբ շարժմանը ուղղորդում են: Գևորգ Գորգիսյանը ասաց՝բացառվում է՝ ավելացնելով, թե քանի որ իրենց շարժման նկատմամբ արդեն վախ կա, այդ պատճառով էլ փորձում են իրենց նման պիտակներով վարկաբեկել:
Ակտիվիստներից Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ մարտի 28-ից, այսինքն՝ ՍԴ նիստից հետո, եթե ՍԴ-ն չբավարարի հայցը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բացառումը, իրենց պայքարը նոր կզգացվի:
Իսկ այս նիստի ժամանակ ոչ իշխանական քառյակի հետ քննարկե՞լ են վարչապետին անվստահություն հայտնելու հարցը: «Դեմ եմ»-ի ակտիվիստները պատասխանեցին, որ իրենք քննարկել են միայն մարտի 22-ի հանրահավաքի հետ կապված հարցերը: Փոքր ընդմիջումից հետո արդեն, առանց ակտիվիստների, ոչ իշխանական քառյակը շարունակեց իր նիստը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































