Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված կրոնական միություններին իրավական կարգավիճակ շնորհող օրինագիծը հաստատվելու համար ուղարկվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Վերջինս, գործող օրենքի համաձայն, 10 օրվա ընթացքում կա՛մ պետք է հաստատեր դա, կա՛մ պետք է վետո դներ դրա վրա, կա՛մ էլ պետք է այն վերադարձներ խորհրդարան՝ մշակման համար։
Սակայն Presa.ge-ն, վկայակոչելով նախագահի աշխատակազմը, հայտնում է, որ Սաակաշվիլին արդեն իսկ ստորագրել է խորհրդարանի ընդունած այդ օրինագիծը, ինչն ուժի մեջ է մտնում տվյալ պահից սկսած։
Հիշեցնենք, որ դրանով Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ են ստանում Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և բապտիստական եկեղեցին։
Ի դեպ, վրացական ընդդիմության ներկայացուցիչները դիմել էին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ կոչ անելով հրաժարվել այդ օրինագծից։






































