«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերության կողմից շրջակա միջավայրին պատճառած վնասների մասին: Զարաֆյանը մասնավորապես խոսեց Հրազդանի երկաթի հանքի մասին, նշելով, որ արդեն սկսվել են երկաթի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ 2011 թ. չինական Fortune Oil ընկերությունը հայկական «Նագին» ընկերությունից գնել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող երկաթի հանքը, որի հումքը բարձրորակ է՝ մոտ 40 տոկոս երկաթ պարունակող:
Զարաֆյանը նշեց, որ երկաթի արդյունահանման դեպքում բազմաթիվ վտանգավոր թափոններ մեծ վնաս կահսցնեն Հրազդան քաղաքին, ինչպես նաև այդ տարածքով անցնող ստորգետնյա ջրերին, որոնք հասնում են նաև Երևան:
Ինգա Զարաֆյանը նաև տեղեկացրեց, որ Հրազդանում կա նաև ոսկու հանք, որի արդյունահանման աշխատանքները ևս սկսվել են: Զարաֆյանի փոխանցմամբ, Հրազդանի ոսկու հանքի արդյունահանման նախագիծը կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2009 թ.-ից:
«Նախապատրաստական աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, սակայն դա դեռ չի նշանակում, թե հանքը չի արդյունահանվելու: Վաղ թե ուշ Հրազդանում մենք վտանգավոր օբյեկտ ենք ունենալու»,- մանրամասնեց Զարաֆյանը և նշեց, որ չնայած ոսկին արդյունահանվելու է ֆլոտացիոն կարգով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մաքուր վիճակում ոսկի չկա, այն իր հետ պարունակելու է բազմաթիվ խառնուրդներ և թունավոր նյութեր, որոնք էլ արդյունահանման դեպքում կմնան Հրազդանի տարածքում: Զարաֆյանը տեղեկացրեց, որ ոսկու հանքը գտնվում է Հրազդանից 5 կմ հեռավորության վրա, իսկ Կաքավաձոր համայնքից՝ 3 կմ:











































