Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Ապրիլյան պատերազմը պետական դավաճանության հետևանք էր. Փաշինյանը գիտի՝ որտեղ փնտրել դավաճաններին

Մեր նախորդ վերլուծություններից մեկում նշել էինք, որ հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության մեջ Հայաստանում ընթացող և շարունակվող ներքաղաքական պայքարը, կոնֆլիկտը մի կողմից՝ Թավշյա հեղափոխությունից հետո 2018-ին իշխանության եկած հեղափոխական կառավարության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մյուս կողմից՝ նախկին ռեժիմի կամ ինչպես Փաշինյանը կասեր՝ «նախկին կոռուպցիոն համակարգի» հետ կապված ուժերի, շրջանակների ու մասնավորապես այդ համակարգի հիմնադիրն ու խորհրդանիշը հանդիսացող, Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի ու իր կողմնակիցների միջև կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի ընկերների՝ Արցախի նախկին ու ներկայիս նախագահների միջնորդությամբ մայիսի 18-ին որոշում ընդունեց նրան կալանքից ազատ արձակելու մասին, Փաշինյանն էլ մայիսի 20-ին Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող իր ելույթով ազդարարեց Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը։

Փաշինյանի ելույթի տողատակերն ու սլաքները

Այն, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստերով ու տողատակերով այս ելույթը նշված քաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ էր և ամբողջ այս խճանկարի մեջ էր տեղավորվում, պետք է որ ակնհայտ լիներ ոչ միայն ցանկացած պրոֆեսիոնալ վերլուծաբանի, այլև քաղաքական քիչ թե շատ տեսողություն և հոտառություն ունեցող ցանկացած ընթերցողի և քաղաքացու համար։

Քոչարյանին կալանքից ազատելու անակնկալ որոշման հաջորդ իսկ օրը վարչապետը կոչով դիմում է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ հաջորդ օրը ելույթ է ունենալու և ազդարարելու է Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը, իսկ խոստացված ելույթի ընթացքում ասում է, որ Հայաստանում չի եղել և մինչ օրս չկա ժողովրդի վստահությունը վայելող, այսինքն՝ բավարար լեգիտիմություն ունեցող դատական իշխանություն, ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես «նախկին կոռումպացված համակարգի մնացուկ», ինչը լուրջ խոչընդոտ է երկրում բարեփոխումներ իրականացմանը, հետևաբար եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտությունների» միջոցով արմատական բարեփոխումներ անելու և ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն ձևավորելու ժամանակը, այլապես չենք կարող հասնել երկրում արդարադատության հաստատմանը և չենք կարող վստահ լինել, որ այսօրվա դատարանները օբյեկտիվ և արդար վճիռ կկայացնի նույն Մարտի 1-ի գործով։ Փաստորեն Քոչարյանի գործի հետ կապված դատական վճռի առիթով բարձրաձայնված այս խնդիրը Փաշինյանը անուղղակիորեն կապեց «նախկին կոռուպցիոն համակարգի» հետ կապված ուժերի, բեկորների դիմադրության, նրանց կողմից գործող կառավարության դեմ իրականացվող հիբրիդային, տեղեկատվական պատերազմի հանգամանքի հետ՝ բաց տեքստով հայտարարելով, որ նախկին ռեժիմի երևանյան և արցախյան հատվածները իրենց կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու համար հակասություններ և նույնիսկ թշմամանք հրահրում ՀՀ-ի և Արցախի հայության միջև, ստահոդ քարոզչություն են իրականացնում Արցախում ՀՀ կառավարության և անձամբ իր դեմ, և ինքը, ինչպես նախորդ տարվա վերջին էր հայտարարել, սրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»: Ու նաև չմոռացավ այս համատեքստում իմիջիայլոց ակնարկել 2016 թ. ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրության վարկածների մասին՝ ասելով, որ ժամանակն է քննելու և բացահայտելու Քառօրյա պատերազմի բոլոր հանգամանքները։

Բացահայտում է «դավադիրներին»

Այն, որ վարչապետն, ըստ էության, խոսում էր նախորդ տարվանից իրեն «Ղարաբաղը հանձնելու» մտադրության մեջ մեղադրող հայտնի շրջանակների մասին՝ սլաքներն ուղղելով նաև իրենց ընկերոջն ազատելու համար Երևան հասած արցախցի նախկին և ներկայիս ղեկավարների և ընդհանրապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պարզ էր նույնիսկ առանց Փաշինյանի պարզաբանումների։ Բոլոր դեպքերում Հայաստանի վարչապետը հունիսի 5-ին լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձել է այս հարցին՝ բացահայտելով իր նշած «դավադիր ուժերին»։ Ինչպես «Ազատությունն» է հաղորդում՝ Փաշինյանն, ըստ էության, սլաքներն ուղղել է ԼՂՀ իշխանությունների կողմը՝ տարակուսանք հայտնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների պահվածքի առնչությամբ։ Նա ասել է, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ներկայացրել է իր տեսլականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հետաքրքրվել՝ համաձա՞յն են դրա հետ, խնդիրներ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ։ Պարզվել է՝ բոլորն էլ համաձայն են, բայց դրանից հետո «այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում»։ Փաշինյանն ասել է, որ ինքն է ղարաբաղյան հարցի բանակցային պրոցեսին վերաբերող փաստաթղթեր փոխանցել Արցախի ղեկավարությանը, մինչդեռ իրենից առաջ Հայաստանի նախկին ղեկավարությունը, Բակո Սահակյանի «պարի ընկեր» Սերժ Սարգսյանը նույնիսկ հարկ էլ չէր համարել տեղյակ պահել Արցախի իշխանություններին, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում։

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե այդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա, Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում», – ասել է Փաշինյանը։

Դավադրություն կամ դավաճանություն 2016 թ. ապրիլին եղե՞լ է

Իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված մի շարք քաղաքական, ռազմական, կոռուպցիոն հանգանքներ մինչ օրս մնում են չպարզված։ Ադրբեջանական զինուժի սանձազերծած այս ագրեսիայի պատճառների և դրան նախորդած քաղաքական, դիվանագիտական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր, առնվազն հայ հանրության համար, մնում են անպատասխան։ Դավադրության, դավաճանության, պայմանավորվածության մասին վարկածները մինչ օրս ո՛չ հաստատվել են, ո՛չ էլ հերքվել ծանրակշիռ փաստերով։ Եվ ինչպես արդեն նշեցինք՝ այս թեման մայիսի 20-ին շատ պատեհ առիթով արդիականացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկապես, Քառօրյա պատերազմի հետ կապված կան մի շարք տարօրինակ հանգամանքներ և նույնիսկ փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս, հիմք են տալիս զարգացնելու վարկածներ ներքին դավաճանության և կողմերի միջև, հնարավոր է, երրորդ կողմի միջնորդությամբ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածության մասին։ Օրինակ, դատելով ականատեսների հետագա մեկնաբանություններից՝ առաջնագծի մեր դիրքապահներն, ըստ էության, չեն նախազգուշացվել հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին կամ լավագույն դեպքում կարծել են, թե հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակումն է ձեռնարկել։ Ադրբեջանական ագրեսիայից մոտ 2 ամիս անց համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ հայկական հենակետերի դիտորդները, տեսնելով հակառակորդի կենդանի ուժի տեղաշարժը, կրակ բացելու թույլտվություն է խնդրել հրամանատարությունից, բայց հրամանը անհասկանալի պատճառներով ձգձգվել է։ Պատերազմի շատ մասնակիցներ իրենց հետագա հարցազրույցներով, վկայություններով կարևոր մանրամասներ են հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ։ Օրինակ՝ Քյարամ Սլոյանի, և Ռոբերտ Աբաջյանի ծառայակից Վահան Հանիսյանը վերջերս տված իր հարցազրույցում հստակ վկայում է այն մասին, որ հարձակման (ապրիլի 1-2-ի) գիշերը՝ ժամը 2-ին, այն ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը հավանություն չի տվել իրենց գունդը տագնապով մարտական դիրքեր հանելու՝ դիվիզիայի հրամանատարի հարցմանը, և այդ ժամանակ գնդի հրամատարն ինքնուրույն է որոշում կայացրել՝ ամբողջ գունդը 15 րոպեի ընթացքում տագնապով հանելով առաջնագիծ։ Պատերազմի այլ մասնակիցներ դեռ այն ժամանակ իրենց հարցազրույցներում մատնանշել են մեկ այլ տարօրինակ հանգամանք՝ ապրիլի 5-ին, երբ հայկական կողմն անցել էր հակահարձակման՝ կորցրած դիրքերը հետ բերելու համար, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում համաձայնություն կայացվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

Այս ամենին մանրամասն անդրադարձել ենք Քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված մեր վերլուծության մեջ՝ հիշեցնելով, որ ըստ այն օրերին շրջանառվող վարկածի՝ այս գաղտնի պայմանավորվածության հիմքում եղել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանը» կյանքի կոչելու նպատակը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը այս դեպքերից շատ չանցած՝ տեղի ունեցածը «միջազգային խառնակչություն» է որակել։ Ըստ նրա՝ եղել է նախապես համաձայնեցված նախագիծ, մեխանիզմ, որը գործարկվել է Քառօրյա պատերազմի ընթացքում։

 

«Ապրիլյան պատերազմը պետական դավաճանության հետևանք էր»

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի հայտնի ելույթում ներքին դավադրության, «դավադիր պատերազմի» հրահրման վերաբերյալ կասկածների բարձրաձայնումը, հետո «իմիջիայլոց» Ապրիլյան քառօրյա պատերազմի չպարզված հանգամանքները բացահայտելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին նշելը, Ձեր կարծիքով, ո՞ւմ էր վերաբերում, այդ ի՞նչ «ուժերի» մասին էր խոսում։

– Խոսում էր, իհարկե, նախորդ ռեժիմի պարագլուխների մասին, ինչպես նաև՝ Ստեփանակերտի այսպես կոչված՝ նախագահների մասին, բայց էլի առանց անուններ տալու, էլի առանց կոնկրետ ծրագրի և գործողությունների պլանի և էլի, ինչպես պարզվեց, թերևս, անբովանդակ սպառնալիքների տիրույթում: Երեքշաբթի վարչապետը խոսեց այդ մասին մի փոքր ավելի մանրամասն՝ հստակ ակնարկելով Բակո Սահակյանի մասին: Մի տեսակ տրտմած բողոքեց նրանից, կարծես թե Սահակյանի վերադասն ինքը չէ և իր հպատակն իրոք այլևս անկախ է:

Հետո ստուգիչ հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսած՝ վարկաբեկեց այն՝ թուլացնելով դրա առաքելությունը, այն հետաքննող և պատժող հիմքից դարձնելով ընդամենը վերհանող, եզրակացություններ կատարող մարմին: Իսկ այդ հանձնաժողովի ստեղծման միտքը բարձրացվեց, որովհետև Քոչարյանի բացթողումից հետո պարզ դարձավ, որ նախկին ռեժիմը ամենայն հավանականությամբ խախտում է այս իշխանության հետ ունեցած իր պայմանավորվածությունները, և դա սպառնալիք էր նախկիններին, որ կարող է և սկսվել մի բան, որը շատ վաղուց էր պարտավոր այս իշխանությունը սկսել: Այն է՝ համապարփակ հետաքննություն՝ թե իրականում ով էր մեղավոր ապրիլին հայկական կողմի պարտության համար: Հայաստանում բոլորն են հասկանում, որ Ապրիլյան պատերազմն, ամենայն հավանականությամբ, հետևանք և գործընթաց էր պետական դավաճանության: Իսկ դավաճանություն չի լինում առանց դավաճանների: Թե որտեղ փնտրել այդ դավաճաններին՝ Հայաստանում գրեթե բոլորը գիտեն, այդ թվում և Նիկոլ Փաշինյանը: Բայց ինչպես չէին փնտրում, այնպես էլ շարունակում են չփնտրել: Ցավալի է, որ մի բան, որ այս իշխանության ամենաառաջնային պարտականությունն է այս ժողովրդի և պետության հանդեպ՝ ոչ միայն չի իրականացվում, այլև դարձվում է քաղաքական շահարկումների և սեփական օրակարգերի սպասարկման գործիք: Եվ դրա ամենավառ վկայությունն այն է, որ Փաշինյանը հիմա էլ հայտարարեց թե այդ հանձնաժողովի նպատակը չպետք է լինի բանտերը լցնելը, այլ հետագայում ապրիլյան փորձից խուսափելը: Բայց, ներողություն, ինչպե՞ս եք պայքարելու հետագա հնարավոր պետական դավաճանությունների դեմ, եթե այսօր դրանց իրական բացահայտմամբ, ըստ Ձեր ուղղակի խոսքերի, ուղղակիորեն շահագրգռված չեք: Դա արդեն ոչ միայն հաստատ չի կանխելու հետագայում այդ փորձի կրկնությունը, այլև պարարտ հող է ստեղծելու առավել լայնամասշտաբ դավաճանությունների: Ի սկզբանե փաստացիորեն տրվող անպատժելիության երաշխիքները նախևառաջ հանցանքի կրկնություն են երաշխավորում: Այս ամենն ուղղակի անթույլատրելի է: Անթույլատրելի և անպատկերացնելի:

– Եթե հաշվի առնենք ընդհանուր ելույթի համատեքստը, այսինքն՝ Մարտի 1-ի գործը, դատական համակարգի շուրջ ստեղծված խնդիրները, Քոչարյանին Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությամբ կալանքից ազատելը, ճի՞շտ եմ արդյոք, որ սլաքներն ըստ էության ուղղում էր նախկին ռեժիմի ղեկավարների, աջակիցների և Արցախում նրանց դաշնակիցների, այսինքն՝ ներկայիս քաղաքական ղեկավարության, քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, հատկապես այն ղեկավարների ու պաշտոնյաների վրա, որոնք այն ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել։

– Իհարկե, ճիշտ էր անում վարչապետը: Պատասխանատուները միշտ իշխանություն ունեցողներն են: Իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում: Մեկն առանց մյուսի չի կարող լինել և եթե լինում է՝ ուրեմն գործ ունենք հանցավոր ռեժիմի հետ:

Հայաստանում նախկին ռեժիմները հանցավոր են եղել: Բայց վարչապետը ճիշտ էր անում միայն այդ մասով: Խոսել, ասել բաներ, որոնք բոլորին են հայտնի, դրանք դարձնել քաղաքական հաղթաթուղթ, բայց ոչինչ չանել՝ նշանակում է առնվազն ոչ ազնիվ լինել պետական օրակարգում: Դա է, որ միակ սխալն է այս ամենում:

– «Պատերազմների չպարզված հանգամանքներ» արտահայտությունը, որակումը բավական անորոշ ու առաձգական է, և տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում այս հարցը։ Շատերը հարցը տանում են դեպի թիկունքի, սպառազինության ոլորտի պատասխանատուների թերացումներ, անբարեխղճություն, կոռուպցիա։ Այս խնդիրն էլ, իհարկե, կա։ Բայց կան նաև շատ վերլուծաբաններ, ովքեր սրա տակ շատ ավելի լուրջ՝ քաղաքական տողատակեր են տեսնում։ Առավել ևս, հիշենք, որ Քառօրյա պատերազմի հետ կապված, բայց մինչ օրս չպարզված ու ենթադրություն մնացող վարկածները դավաճանության մասին էին՝ ընդհուպ մինչև միջազգային դավադրություն կամ պայմանավորվածություն։

– Արդեն պատասխանեցի այդ հարցին: Ընդհանրապես Փաշինյանին հատուկ է ոգևորիչ և կրքոտ ճառեր ասելը, բայց դրանցում որևէ հասցեականություն, որևէ կոնկրետ ծրագիր չդնելը, որևէ կոնկրետ անուն չնշելը և հատկապես՝ այդ ճառերը ճառեր թողնելը: Դրա նոր ապացույցն է ինչ-որ միֆական սևազգեստ մարդկանց մասին այսօրվա խոսքը: Այո՛, չէր կարող չլինել պետական դավաճանություն: Բայց ո՞ւր է Ապրիլյան պատերազմում մեր պարտության պատճառների իրական հետաքննությունը: Ինչո՞ւ այսքան ժամանակ բացարձակապես ոչինչ չի արվել: Մարտի մեկի տասը զոհերն ավելի և անհամեմատալիորեն կարևոր էին, քան հարյուրից ավելի հերոսների զոհաբերություննե՞րը: Երբ առաջնություն է տրվում և կենտրոնացվում միայն մի խումբ զոհերի վրա և ամբողջությամբ անտեսվում մյուսների հանգամանքը՝ հրապարակ է գալիս անթույլատրելի մի երևույթ՝ պետական մակարդակով կողմնակալությունն ու նեղ քաղաքական օրակարգերի նախընտրումը:

– Կարծում եք՝ Փաշինյանը, իր թիմը, խորհրդարանականներն ու հատկապես խորհրդարանական մեծամասնությունը հետևողական կլինե՞ն բոլոր հանգամանքները պարզելու, մեղավորներին գտնելու հարցում, թե՞ կսահմանափակվեն հայտարարություններով։

– Մինչև հիմա համակարգային որևէ փոփոխություն Հայաստանում տեղի չի ունեցել: Խոսքը ԱԺ մասնակի կամ գործադիրի ավելի մասնակի՝ նեղ վերնախավի փոփոխության մասին չէ: Խոսքը համակարգի փոփոխության մասին է: Բացի այդ՝ ոչ ոք ոչնչի համար Հայաստանում պատասխանատվության չի ենթարկվել, չի պատժվել: Եվ հիմա Փաշինյանն այլևս բացահայտ է ասում, որ իր նպատակն, ըստ էության, պատժելը չէ: Անհասկանալի է, թե հիմա իր հստակեցմամբ ում ինչ երաշխիքներ է տալիս և ինչու: Արդյո՞ք այդ անուղղակի և կասկածվող երաշխիքները հենց պետությունը ղեկավարած պետական դավաճաններին չեն հասցեագրված: Եվ եթե բանտերում չեն նախկին մի շարք նախարարներ, թալանով զբաղված և հարկերից խուսափած որոշ օլիգարխներ, ապա այսպիսի լայնամասշտաբ պատասխանատվության դաշտում փնտրել հետևողականություն այս իշխանությունից՝ գոնե այս պահին ռոմանտիկ մոտեցում կլինի: «Նոր Հայաստան»-ը հնանում է մեծ արագությամբ, և եթե այսպես գնա՝ մենք կունենանք «Հին Հայաստան», որտեղ ինչ-որ նոր մարդիկ ինչ-որ նոր բաներ են մտածում:

Միայն մտածում են, եթե իհարկե, ընդհանրապես մտածել գիտեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում