Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել՝ ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում՝ բանակի գործոնի կիրառմամբ»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա՝ Իրևանի և Զանգեզուրի», իսկ «Լեռնային Ղարաբաղ հայերը եկել են որպես հյուր»:
Նման ռազմաշունչ և էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել՝ համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, բացի նրանից, որ այլևս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության և Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաև հայկական կողմին ազատում են կաշկանդող որևէ հանգամանքից՝ սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը:
«Ժառանգությունը» կոչ է անում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անմիջապես և համագործակցաբար ձեռնամուխ լինել Արցախի հանրապետության ազատագրված և նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին: Հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բազմաթիվ են ընտանիքները, այդ թվում՝ նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքից մազապուրծ փախստականներ, ովքեր չկարողանալով վաստակել ապրուստի միջոցներ, զանգվածաբար՝ երբեմն գրեթե ամբողջ գյուղերով, հեռանում են Հայաստանից: Նրանց համար պետք է ապահովել բարենպաստ պայմաններ ազատագրված տարածքներում՝ ստեղծել ենթակառույցներ, տրամադրել անասուններ, գյուղատնտեսական տեխնիկա և մեծ հողակտորներ, անգամ եթե դրա համար կարիք կա, վերաբաշխել նորաթուխ «լատիֆունդիստների» տնօրինության տակ հայտնված տասնյակ քառակուսի կիլոմետրանոց հողակտորները: Ընդ որում՝ անհրաժեշտ է իրականացնել տարեկան առնվազն 10 հազար հոգու վերաբնակեցում:
Մենք միաժամանակ հորդորում ենք ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որևէ դրույթի հերթական խախտման՝ այդ թվում ռազմատենչ հայտարարությունների (ուժի կիրառման սպառնալիքի) հնչեցման, շփման գծում դիպուկահարների գործողությունների դեպքում՝ էլ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը: Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որևէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար:






































