Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 ամսեկան փոքրիկը, ով տառապում է գլխուղեղի ֆունկցիաների խանգարմամբ, պետք է վիրահատության ենթարկվի:
Փոքրիկ Էրիկի ընտանիքի անդամները, ովքեր բավականաչափ գումար չունեին վիրահատության համար, դիմել են Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին, որպեսզի վերջինս իրենց փոխանցի խաղակոշիկներն ու մարզաշապիկը: Նրանք ցանկանում էին աճուրդ կազմակերպել և ստացված գումարով վճարել վիրահատության ծախսերի մի մասը:
Ռոնալդուն ընտանիքին ոչ միայն տրամադրել է խաղակոշիկներն ու մարզաշապիկն իր ստորագրությամբ, այլև կատարել է վիրահատական ամբողջ ծախսը՝ 60.000 եվրոյի չափով՝ փրկելով փոքրիկի կյանքը:
Փոքրիկի մայրը՝ Քրիստինա Կրուսը, շնորհակալություն է հայտնել պորտուգալացի ֆուտբոլիստին. «Էրիկի հիվանդության մասին իմացանք մեկ ամիս առաջ, երբ նա էպիլեպսիայի նոպաներ ունեցավ: Նա գլխուղեղի խնդիրներ ունի:
Պատրաստվում էինք դիմել տարբեր մարդկանց, քանի որ վիրահատությունը շատ թանկարժեք էր: Ռոնալդուն իմացավ այդ մասին: Սկզբում նա փոխանցեց խաղակոշիկներն ու մարզաշապիկը, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերեց:
Ինձ համար նա իսկական հրեշտակ է»,- հայտարարել է Կրուսը:








































