«ԱՊՀ-ի նման կառույց անհրաժե՞շտ է»,- այսօր Երևանի մամուլի ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակում «Ուկրաինան ներքին և արտաքին քաղաքական փոփոխությունների ճանապարհին» թեմայի շուրջ խոսելիս հարցադրում արեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Դեսպանը պարզաբանեց տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է ԱՊՀ-ից դուրս գալ: Ասաց, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի սրացման կապակցությամբ Ուկրաինան առաջարկել է արտահերթ նիստ անցկացնել, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվել են: Չի հաջողվել կազմակերպել նաև փոխնախարարների մակարդակով հանդիպում, քանի որ նրանք զբաղված են եղել, այն դեպքում, երբ եվրոպական մի շարք երկրների ԱԳ նախարարներն ուկրաինական ճգնաժամի ընթացքում մի քանի անգամ ժամանակ գտան այցելելու Ուկրաինա:
«Այդպիսի կառույց անհրաժե՞շտ է: Ուղղակի խոսել պետք չէ, ուստի կլինեն համապատասխան քաղաքական որոշումներ: Ուկրաինան բավարարված չէ այդ որոշմամբ: Ասել, որ նախարարը զբաղված է, կոռեկտ չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով ԼՂ-Ղրիմ համեմատություններին՝ ասաց, որ զուգահեռներ չի անցկացնի, քանի որ դա քաղաքագետների և փորձագետների գործն է, մենք խոսում ենք Ուկրաինայի և Ղրիմի մասին: Կա ԵԱՀԿ-ի դիրքորոշումը Ղրիմում նշանակված հանրաքվեի կապակցությամբ. հանրաքվեն անօրինական է, հակասահամանադրական»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ասաց, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ այդ հարցը դեռ չի դիտարկվում, քանի որ առջևում կան ընտրություններ, տնտեսական, քաղաքական հարցեր:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների հեռանկարին՝ ասելով, որ ինչպես էլ իրադարձությունները զարգանան, տեսնում է երկկողմանի ամենալավ և ամենահեռանկարային հարաբերություններ: Ըստ նրա՝ Ուկրաինան կարող է նստել բանակցային սեղանի շուրջ:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղել են, կան և լինելու են հավասար, փոխշահավետ հիմքի վրա հարաբերություններ»,- նկատեց նա:
Անդրադառնալով Ղրիմում ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ այն մտավախություններ է առաջացնում: Այն կարող է վտանգավոր լինել ոչ միայն եվրոպական մայրցամաքի, այլև ամբողջ աշխարհի համար, ուստի միջազգային առաջնորդները կոչ են անում դիվանագիտական եղանակով, բանակցային սեղանի շուրջ լուծել այդ հարցը:
Հարցին, թե բուդապեշտյան հուշագիրը խախտելը Ուկրաինային կստիպի հրաժարվե՞լ իր ստանձնած պարտավորություններից, դեսպանը պատասխանեց, որ կշարունակվի այն, ինչ ընդունվել է 1994թ., թեև ուկրաինական դիվանագիտությունը պնդում է, որ հուշագրի խախտմամբ վատ նախադեպ ձևավորվեց:
Լուսանկարը` PAN Photo-ի











































