Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը 1 օրով վերադարձել է ծառայության արտաքին գործերի նախարարություն, որպեսզի ստանա 100 հազար եվրո փոխհատուցում թոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Դե Վիլպենը, որը հեռացել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ից 1993-ին, 2013թ. սեպտեմբերին 1 օրով վերադարձել է ծառայության: Այդ քայլը թույլ է տվել կառավարության նախկին ղեկավարին հավակնել ստանալու զգալի փոխհատուցում՝ ԱԳՆ-ում բազմամյա ծառայության համար:
Դե Վիլպենի վերադարձը ԱԳՆ՝ գումար ստանալու ակնկալիքով, առաջացրել է արտաքին քաղաքական գերատեսչության վրդովմունքը:
Ինչպես գրում է պարբերականը, դե Վիլպենը նման սխեմայից կարող էր օգտվել միայն Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի համաձայնությամբ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն առայժմ հանդես չի եկել մեկնաբանությամբ:
Ֆրանսիական L’Express պարբերականը 2012-ին Վիլպենի անձնական կարողությունը գնահատել է 4 մլն եվրո:






































