Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին, ասաց. «Պարոն Թաթոյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք իսկապես առանձնացել եք բարձր պրոֆեսիոնալիզմով և ՄԻՊ ինստիտուտի կայացման գործում ունեք անուրանալի դերակատարում»:
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ արդարադատության նախարարությունը թերանում է: Նա հիշատակեց ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութը, որում ակնհայտ երևում էր, թե «Արմավիր» ՔԿՀ-ում ինչպիսի հովանավորչական մթնոլորտ է. «Կոռուպցիան այնտեղ փթթում է, և արդարադատության նախարարությունը ոչ միայն միջոցներ ձեռք չառավ, այլև այդ ՔԿՀ պետին տեղափոխեցին մեկ այլ՝ ավելի բարձր պաշտոնի»:
Արման Բաբաջանյանը Արման Թաթոյանին հարցրեց. «Լավ, գոնե դուք ի՞նչ կարող եք անել ՔԿՀ-ներում քրեական բարքերի ուղղությամբ»:
Նա նաև նշեց, որ արդարադատության նախարարության անգործության պատճառով ԱԺ-ն պետք է իրականացնի անցումային արդարադատության և վեթինգի վերաբերյալ հայեցակարգի և օրենքի մշակումը. «Դուք ինչպե՞ս եք գնահատում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության աստիճանը: Ձեր գրասենյակը կուզենա՞ մասնակցել վեթինգի հայեցակարգի մշակմանը»:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև Քոչարյանի աջակիցների բռնության կոչերին և դրանցով ուղեկցվող գործողություններին. «Ոստիկանությունն իրեն ոչ համարժեք է դրսևորում. կուզեինք, որ ՄԻՊ գրասենյակն այստեղ ակտիվություն հանդես բերեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































