«Հայկական ժամանակը» պարզել է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի կամարները քանդել էր ամենաբարի նպատակով՝ հանուն երեխաների: Երեք օր առաջ սկսել են գործել շուկայի երկրորդ և երրորդ հարկերը: Երրորդ հարկում, այն տարածքում, որտեղ օրենքի երկիր լինելու պարագայում պետք է հուշարձան-շենքի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած կամարները լինեին, այժմ գործում է մանկական «Մադագասկար» խաղասրահը՝ ժամանակակից խաղային սարքերով:
Խաղասրահի հարևանությամբ իրենց մասնաճյուղերն են բացել «Տաշիր պիցցան», «Միստր Գիրոսը», «Վասաբի» սուշի-բարը, կա 7D կինոթատրոն և այլն: Երկրորդ հարկում, այսպես ասած բրենդային խանութներ են: Առաջին հարկում, ինչպես արդեն հայտնել ենք, սպասքի վաճառասրահ է բացվել այն տեղում, որտեղ միրգ-բանջարեղենի առևտրով էին զբաղվում Սամվել Ալեքսանյանին քաղաքացիական ակտիվիստների «դատաստանից» փրկած կանայք: Վերջիններս տեղափոխվել են շուկայի մեկ այլ անկյուն: Ինչպես «ՀԺ»-ն գրել է, սպասվում է, որ մոտ օրերս Ալեքսանյանը նրանց շուկայից հանելու է՝ փոխարենը ոչ մի տարբերակ չառաջարկելով:










































