Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի գործով ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքների քննությունը:
Խոսրովի արգելոցում որսագողության, «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների ոչնչացման փաստերը հայտնաբերել են բնապահպանական քաղաքացիական շարժման ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանն ու Եղիա Ներսիսյանը:
Ըստ դատական ակտի՝ շարքային ոստիկան, որսորդմիության անդամն Նորիկ Սարգսյանը պարբերաբար կատարել է «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջությամբ արգելված վայրի կենդանիների՝ 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան ապօրինի որս:
Նորիկի կինը՝ Մարինեն, ամուսնու կողմից բերված որսամիսը, ձուկը, արջի մորթին իրացրել է շուկայական արժեքով՝ 1 միլիոն 767 հազար դրամով. մսի կիլոգրամը՝ 3 հազար դրամով, ձկանը՝ 5 հազար դրամով, արջի մորթին՝ 40 հազար դրամով:
Մարինեն, ըստ դատական ակտի, գումարները բաժանել է ամուսնու և մյուս որսագողերի միջև, գործընթացը ենթարկել է գրավոր հաշվառման, ինչպես նաև մասնակցել է որսագողության նախապատրաստմանը, ընդունել է որսը, մշակել որսամիսը, պահպանել զենքերը, զինամթերքն ու այլ սարքավորումները:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել Նորիկ Սարգսյանին ու Մարինե Գրիգորյանին:
Նորիկ Սարգսյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 26-ից: Սարգսյանը 2 տարով զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից:
Մարինե Գրիգորյանը դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի: Նա ևս 2 տարով զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից:
Բնապահպանության նախարարությունը քրեական գործով հանդես է եկել որպես տուժող կողմ ու ամբաստանյալ ամուսիններին է ներկայացրել 37 միլիոն 600 հազար դրամի քաղաքացիական հայցի պահանջ:
Ընդհանուր իրավասության դատարանը դրանից բավարարել է մի մասը՝ վճռելով, որ Նորիկ Սարգսյանից ու Մարինե Գրիգորյանից պետք է բռնագանձվի 9 միլիոն 600 հազար դրամ: Մնացած 28 միլիոն դրամի քաղհայցի պահանջը դատարանը թողել է առանց քննության՝ հայցվորին իրավունք վերապահելով այդ պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
Ըստ պաշտպանական կողմի՝ Նորիկն ու իր կին Մարինեն քավության նոխազ են դարձել մի գործով, որտեղ շրջանառվելու էին շատ ավելի հուժկու մարդկանց անուններ, բայց Խոսրովի արգելոցում կատարված բուն խայտառակ որսագողությունները փաստորեն կոծկվել են այս քրեական գործով ու անհայտ, խեղճուկրակ մի Նորիկ պատասխան է տալու ուրիշների վայելքների համար:
Ըստ պաշտպանի՝ նախաքննությունն ընթացել է ակնհայտ խախտումներով, իսկ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անհիմն ու անօրինական դատական ակտ:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց վերաքննիչ բողոքը, բեկանեց այս գործով կայացված դատավճիռը և գործն ուղարկեց նույն ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:










































