Այսօր հանդիպել են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, և ինչպես սպասվում էր, հանդիպումը առաջին դեմքերի մակարդակով չի եղել, այսինքն` ԲՀԿ-ի առաջին դեմքի դիմաց նստած է եղել Լևոնը, սակայն Զուրաբյան: Հանդիպումից հետո էլ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ քննարկել են երկրի ծանր վիճակը, և որ դրանից դուրս գալու համար պետք է Սերժ Սարգսյանի հեռացումն ու նոր, դեմոկրատական իշխանությունների ընտրությունը:
Սա, ըստ էության, աննախադեպ է` նկատի ունենալով այն, որ փաստորեն հրապարակավ հայտարարվում է, որ «Բարգավաճ Հայաստանը» քննարկում է Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման հարցը: Մինչ այսօր ԲՀԿ-ն այս հարցը շրջանցել է և որևէ կերպ չի հանդես եկել Սերժ Սարգսյանի դեմ, նրա հրաժարականի կամ պաշտոնանկության մասին հայտարարություններ չի արել: Եվ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, ըստ էության, հետաքրքրական է դառնում հենց սրանով, որովհետև ինքնին այլ որևէ հետաքրքիր բան այդ հանդիպման մեջ չկար:
Այսպիսով, ՀԱԿ-ը հայտարարում է, որ ԲՀԿ-ի հետ քննարկել են Սերժ Սարգսյանին հեռացնելու հետ կապված հարցեր: ԲՀԿ-ն հանդիպման մասին առայժմ հրապարակային մեկնաբանություններ չի անում: Հաստատելո՞ւ է ԲՀԿ-ն, որ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարց են քննարկել, թե՞ ոչ: ԲՀԿ-ն հանդիպման ընթացքում համաձայնե՞լ է, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, թե՞ ոչ:
Սրանք էական հարցադրումներ են, որոնք կարող են վկայել ներքաղաքական գործընթացում տրամադրությունների և տրամաբանության որոշակի փոփոխությունների մասին:
Խնդիրն այն է, որ երբ հայտարարվում է այդ մասին, ապա սա նշանակում է, որ ոչ իշխանական քառյակի օրակարգում է Սերժ Սարգսյանի հեռացման հարցը՝ առնվազն «ճանապարհային քարտեզի» տեսքով: Այլապես, անտրամաբանական կլինի, եթե նման եզրահանգումներից հետո, որ եկել են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն քննարկումների ընթացքում, օրակարգում մնան ինչ-որ կառավարության պաշտոնանկության կամ անվստահության խնդիրներ՝ եթե միայն ոչ Սերժ Սարգսյանին հեռացնելու «ճանապարհային քարտեզի» մաս որպես:
Կգնա՞ նման քայլի Գագիկ Ծառուկյանը, որը Սերժ Սարգսյանի կենացն էր խմում հոտնկայս: Խնդիրն այն է, որ Ծառուկյանի իվանիշվիլիացումը միայն Լևոն Տեր-Պետրոսյանի երևակայությունից կամ քաղաքագիտական պատկերացումներից չէ կախված, այլ նաև հարցից՝ Սաակաշվիլի՞ է Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, այսինքն` Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիի նման թույլ կտա՞ խաղաղ իշխանափոխություն, թե՞ ոչ:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու համար սեպտեմբերի 3-ին համաձայնել է ինքնանպատվությամբ զբաղվել Մոսկվայում: Եվ դրանից հետո ևս մի քանի անգամ նա ինքնանպատվության քայլեր է կատարել Մոսկվայի կամքով: Եվ ուրեմն` այստեղ հարցի մյուս կողմն էլ դառնում է Մոսկվայի պահվածքը, այսինքն` «կգցե՞ն» Սերժ Սարգսյանին, թե՞ կօգնեն նրան պահել իշխանությունը: Բոլոր դեպքերում, հետաքրքրական են լինելու այս կապակցությամբ ԲՀԿ-ի մեկնաբանությունները:
Ի վերջո, մի բան է, երբ Սերժ Սարգսյանի հեռացման մասին խոսում է ՀԱԿ-ը, մեկ այլ բան, երբ այդ խոսքերը հնչում են արդեն հենց ԲՀԿ շուրթերից, և Ծառուկյանը պատասխանատվություն է ստանձնում այդ խոսքերի համար: Դրանից հետո երեկոն, իհարկե, կդադարի լինել ձանձրալի, և հետաքրքիր կլինի դիտել, թե ում մայրամուտով այն կավարտվի:








































