«Գազպրոմը» 2013-ին «Երկնագույն հոսքով» Թուրքիա է մատակարարել 13.7 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է դեպի այդ երկիր ռուսական գազի արտահանման ծավալի կեսից ավելին: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Անցած տարի դեպի Թուրքիա ընդհանուր արտահանումը կազմել է 26.7 մլրդ խորանարդ մետր գազ:
«Երկնագույն հոսքը» 11 տարում թույլ է տվել կուտակել ծովային գազատրանսպորտային համակարգերի շինարարության ու շահագործման եզակի փորձ, որը բարեհաջող կիրառվում է «Հյուսիսային հոսք» և « Հարավային հոսք» , ինչպես նաև Ջուբգա-Լազարևսկոյե-Սոչի գազատարի նախագծերի շրջանակում: Հիմնականում շնորհիվ «Երկնագույն հոսքի»՝ Ռուսաստանը դարձել է աշխարհում ոչ միայն ցամաքով, այլ ծովով ժամանակակից գազատրանսպորտային համակարգերի ստեղծման անվիճալի առաջատար՝ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ «Երկնագույն հոսք» գազատարը, որի երկարությունը կազմում է 1213 կմ, գործարկվել է 2002-ի դեկտեմբերին Սև ծովի ընդերքով թուրք սպառողների համար ուղիղ գազամատակարարում ապահովելու համար:









































