Այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները:
«Քննարկվում է ՏՄՊՊՀ անդամի թեկնածության հարցը, և ցավոք սրտի, «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը գնում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցում է, իշխանության թեկնածուին ընտրում է և վերադառնում է ու նորից շարունակում խանգարել քննարկումը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ արդեն խնդիր է այն, որ պարոն Հովհաննիսյանը, լինելով պատգամավոր, շարունակում է լինել խորհրդի անդամ. «Նախորդ իշխանությունների օրոք մենք քննադատում էինք, որ խորհուրդները քաղաքականացված են: Պատգամավոր ընտրվելուց հետո պետք էր դնեիք էդ պաշտոնը: Այն, որ դուք խորհրդի անդամ եք, արդեն շահերի բախման մեջ եք, այսինքն՝ դուք կառավարության նշանակած մարդկանց հետ քվեարկել եք էսօրվա թեկնածուի օգտին և ընտրել եք ձեզ համար ցանկալի մարդու»:
Էդմոն Մարուքյանը Հովհաննես Հովհաննիսյանին խորհուրդ տվեց վերանայել աշխատանքը, եթե նա ֆեյսբուքյան պատի և ԱԺ ամբիոնի միջև տարբերություն չի տեսնում: «ԱԺ ամբիոնը դուք պետք է օգտագործեք որպես պատգամավոր, մինչդեռ օգտագործել եք որպես ԵՊՀ խորհրդի անդամ»,- նկատեց նա՝ հավելելով, որ Հովհաննես Հովհաննիսյանը փաստորեն չժխտեց հետագայում ԵՊՀ ռեկտոր դառնալու հանգամանքը. «Ասում եք՝ այս պահին նման թեմա չկա. այս պահին չկա, հետո կլինի»:
«Նաև՝ անբարոյական է այստեղից մեզ վախեցնել և Քոչարյանի գրասենյակների անուններ տալ՝ իմ ելույթի հետ կապված, որովհետև ձեզ համար դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Մի հատ ձեր խոսքերը կշտկեք, լսեցի՞ք՝ ինչ եմ ասում»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն ընդգծեց՝ շարունակվում է բուհը քաղաքականացնելու նախկին պրակտիկան. «Դուք ասում եք՝ կան դաշնակներ, ՀՀԿ-ականներ. բա փոխեք, ձեր ձեռքն է: Համալսարանի դուռը փակողին դուք հենց նոր ընտրել եք ռեկտորի ժ/պ: Եվ եկել եք այստեղից արդարության մասին բաներ եք կարդում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































