Դալայ-լաման լավատեսությամբ է նայում մարդկանց՝ որպես «հասարակական կենդանիների», որոնք ի բնե հակված են կարեկցելու և ավելի լավն են դառնում՝ չնայած արդի աշխարհի բոլոր խնդիրներին: Այդ մասին նա հայտարարել Է RIA Novosti-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Ոչ, ես չեմ փոխել իմ կարծիքը: Նույնիսկ էլ ավելի եմ դրանում հաստատվել: Ամեն մի էակ, նույնիսկ միջատը, չի ցանկանում տառապել, այլ ցանկանում է երջանիկ կյանք ապրել: Եվ յուրաքանչյուր ոք երջանիկ լինելու իրավունքն ունի»,-ասել է Դալայ-լաման, պատասխանելով այն հարցին, թե հիասթափված Է արդյոք մարդկանցից:
Ավելի վաղ բուդդիստների առաջնորդը մեկ անգամ չէ, որ ասել է, թե մարդկությունն ավելի լավն է դառնում, սակայն վերջին ժամանակներս հայտարարում է, որ մարդկությունը պատասխանատվության պակաս ունի, և աշխարհն աղետի եզրին է:
Դալայ-լաման նշել է, որ գիտության վերջին տվյալների համաձայն, «մարդն իր բնույթով հակված է կարեկցելու»: «Դա ակներև է. լույս աշխարհ գալուց հետո առաջին մի քանի տարիներին մենք մայրական սիրո և հոգածության կարիքն ունենք, առանց որի մենք չէինք գոյատևի»,-հավելել է հոգևոր առաջնորդը:
Նրա խոսքով՝ «դա տեղի է ունենում բոլոր հասարակական կենդանիների մոտ»: «Մենք՝ մարդիկս, նույնպես հասարակական կենդանիներ ենք: Հազարամյակների ընթացքում մարդիկ գոյատևել են հենց ընդհանրության զգացման, փոխադարձ օգնության և միմյանց հոգ տանելու շնորհիվ»,- համոզված է Դալայ-լաման:
Իսկ արդիականության հիմնական սպառնալիքները նա համարում է մարդկանց բնաջնջող պատերազմները, գլոբալ տաքացումը և մարդկային գործունեության հետ կապված էկոլոգիական մյուս աղետները:











































