«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը:
– Տիկին Ֆրեյզեր, Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը Կիևից տեղափոխվեց Ղրիմ, ինչպես և կանխատեսվում էր: Արևմուտքը պայքարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, իսկ Ռուսաստանը կարծես՝ հակառակը: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում և ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարցով Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունը:
– Ղրիմում ստեղծված իրավիճակը չափազանց անհանգստացնող է: Կարելի է նույնիսկ ասել, որ Ղրիմը դե ֆակտո անեքսիայի է ենթարկվում Ռուսաստանի կողմից: Թեև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են, որ ռուսական զորքերը Ղրիմում են, սակայն փոխադրամիջոցների և զորքերի լուսանկարներից պարզ է դառնում, որ դրանք ռուսական են: Ղրիմը շատ ավելի վտանգավոր է, քան Հարավային Օսիան կամ Աբխազիան 2008թ., որովհետև Ղրիմի բնակչության առնվազն կեսը դեմ է Ռուսաստանի հետ ինտեգրմանը:
Հանրաքվեն, որը ծրագրված է մարտի 16-ին, կարող է դառնալ շատ վտանգավոր օջախ, քանի որ նույնիսկ իրավաչափ հանրաքվեները տեղ են գտնում բազմազգ հասարակություններում, ինչպես Բոսնիա-Հերցեգովինայում՝ 1992թ.: Լրագրողների վրա հարձակումների մասին իրազեկումները, թաթարների տների վրա գծանշումները և առանց որևէ նշանի սևազգեստ մարդկանց ներկայությունն ակնհայտորեն միտված են վախ արմատավորել հասարակության այն հատվածների շրջանում, որոնք մոսկվամետ չեն: Ես անհանգստացած եմ, որ այս ամենի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որը կարդարացնի ազգամիջյան բռնության պոռթկումը, ինչը եթե սկսվի, շատ դժվար կլինի վերահսկել և հանգստացնել:
– Արևմտյան որոշ պաշտոնյաներ հայտարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին, իսկ ոմանք էլ դեռ սպառնում են պատժամիջոցներով: Ի՞նչ պետք է անի Արևմուտքը տարածաշրջանում Ռուսաստանի հավակնությունները զսպելու համար:
– Առաջին փուլում ԵՄ-ն համաձայնել է դադարեցնել Մոսկվայի հետ վիզային բանակցությունները, ապա Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները և մասնակցությունը Սոչիում «Մեծ ությակի» գագաթնաժողովին: Եթե առաջիկա մի քանի օրերին Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցություններ չսկսվեն, և եթե դրանք արդյունք չտան սահմանափակ ժամանակային փուլում, ապա ԵՄ-ն կկիրառի զբոսաշրջային արգելքներ, ակտիվների սառեցում, նույնիսկ կկասեցնի ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը: Եթե ՌԴ-ն շարունակի իրավիճակի հետագա լարումը, ապա լայնամասշտաբ պատժամիջոցները կդրվեն սեղանին:
Պակաս կարևոր չէ նաև այն, որ ԵՄ-ն որոշել է որպես առաջնահերթություն մինչ Ուկրաինայում մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ այդպիսով կնքելով Ուկրաինայի հետ ԱՀ-ն: Նախարարներին արդեն հորդորել են զբաղվել ստորագրման նախապատրաստական աշխատանքներով:
ԵՄ-ն ևս սպառնում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներով, և Վաշինգտոնից ստացվող հռետորաբանությունը բավականին քննադատական է ռուսական գործողությունների նկատմամբ: Բայց կասկածելի է, որ ներկայում քննարկվող պատժամիջոցները ազդեն Ռուսաստանի հաշվարկների վրա: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սա համարում են հակամարտություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Ինձ չի թվում, որ նրանք պատրաստվում են ընկրկել այդ սպառնալիքների առաջ:
Ամենալավ բաներից մեկը, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կարող են անել, Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ ստորագրման ուղղությամբ արագ շարժվելն է, ապա Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելը, երբ երկիրը համապատասխանի տեխնիկական պայմաններին:
– Ղրիմում ռուսական գործողություններից հետո Ղրիմը համեմատում են տարածաշրջանային բոլոր, այդ թվում՝ ԼՂ հակամարտության հետ: Տեսակետներ կան նույնիսկ, որ Ղրիմը կարող է նախադեպ դառնալ ԼՂ-ի համար, և որ Ղարաբաղը կարող է շարժվել Ղրիմի սցենարով: Նախադեպ են համարում նաև այն առումով, որ Ռուսաստանն իր հավակնությունները կհասցնի նույնիսկ ԼՂ՝ այնտեղ նույնպես ցանկության դեպքում անձնագրեր բաժանելով, ինչպես Ղրիմում և տարիներ առաջ՝ Աբխազիայում: Ձեզ իրատեսական թվո՞ւմ են նման կանխատեսումները:
– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին անհրաժեշտ է վերցնել ԼՂ-ն: Հայաստանը ցուցադրել է իր ամբողջական հավատարմությունը Ռուսաստանին՝ հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից հանուն Եվրասիական միության և ընդունելով, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելի հզորացվի: Երևանը չափազանց զգույշ է եղել նաև Ղրիմում ռուսական ռազմական ներխուժման ուղղությամբ քննադատության հարցում, թեև, իհարկե, դա ցույց է տալիս, թե ՌԴ ղեկավարությունն ինչպես է պատկերացնում իր հարևանների ինքնիշխանությունը:
– Շատ քաղաքագետներ Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո պնդում են, որ խախտվել է այն անվտանգության համակարգն ու աշխարհակարգը, որը ձևավորվել էր դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խախտվել է նաև բուդապեշտյան հուշագիրը, որն ապացուցում է, որ նախկինում ձեռք բերված համաձայնություններն այլևս չեն գործում, ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն չունեն իրավիճակը վերահսկելու որևէ մանդատ: Արդյոք չե՞ք տեսնում անվտանգության նոր համակարգերի կամ դաշինքների ձևավորման անհրաժեշտություն:
– ԵԱՀԿ-ն ամենահարմար և պատրաստված կազմակերպությունն է հետխորհրդային տարածքում փոքրամասնությունների իրավունքների վերահսկողության և մոնիտորինգի համար: ԵԱՀԿ-ն բավականին երկար ժամանակ գրասենյակ է ունեցել Ուկրաինայում: Շվեյցարիան է ներկայում նախագահում կազմակերպությունը: Շվեյցարացիները նախկինում եղել են միջնորդներ ռուսների հետ: Ուստի, եթե ԵԱՀԿ-ին թույլ չի տրվել խաղալ ավելի մեծ դերակատարություն` ԵԱՀԿ-ին արգելված է մուտք գործել Ղրիմ, դժվար է մտածել, թե ինչպես է հնարավոր ազդել իրավիճակի վրա:
– Այսինքն՝ ինչպե՞ս պետք է հետխորհրդային երկրները որոշակիորեն թուլացնեն իրենց ռազմական և անվտանգության ոլորտում ունեցած կախվածությունը ՌԴ-ից՝ ունենալով հավասարակշռված անվտանգության համակարգ, որը կերաշխավորի երկրներին ռուսական ռազմական ոտնձգություններից:
– Շատ բարդ է ասել, թե ինչպես կարող է երաշխավորվել հետխորհրդային երկրների անվտանգությունը: Վրացական օրինակը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի հետ շատ արագ մերձեցումը կարող է հանգեցնել Ռուսաստանի բացասական և պատերազմող արձագանքին՝ ուղղորդելով փորձագետներին ու որոշում կայացնողներին եզրակացնելու, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պետք է դանդաղեցնել: Բայց ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք տեսնում ենք, որ չնայած Ուկրաինայի ցանկությանը՝ նվազեցնել իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում, Ռուսաստանը որոշել է ներխուժել: Նույնիսկ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների հեռանկարը կարող էր խաթարել ՌԴ-ի անվտանգության զգացումը:
Ռուսաստանին հետևող և եվրաատլանտյան ինտեգրացիայով հետաքրքրված երկրների միջև բևեռացումը վերջին շաբաթներին մեծացել է: Բայց սա նվազեցնելն անհնար կլինի, ինչպես և անհնար կլինի վերաձևավորել մեկ ընդհանուր անվտանգության օրակարգ ողջ Եվրոպայի՝ Վիեննայից Վլադիվոստոկի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Ղրիմի օկուպացիան:
– Տիկին Ֆրեյզեր, «Մեծ ությակի» անդամ յոթ երկրները հայտարարեցին, որ չեն մասնակցի Սոչիում կայանալիք գագաթնաժողովին, ու չի բացառվում, որ «Մեծ ությակը» դառնա «Մեծ յոթյակ»: Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև խորացող տարաձայնությունները չե՞ն անդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ռուսական համանախագահներն ընդհանուր առմամբ կարողացել են չտեսնված կերպով առանձնանալ ավելի լայն՝ ՌԴ-ԱՄՆ երկկողմ տարաձայնություններից: 2008թ. օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից հետո էական առաջընթաց գրանցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ժամանակ, ավելի ինտենսիվ դարձան հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ՌԴ նախագահ Մեդվեդևը հակամարտող կողմերի նախագահների հետ դեմ առ դեմ 10 հանդիպում անցկացրեց, և թվում էր, թե իսկապես մեծ ցանկություն ունի այս հարցում իր գործունեությամբ բարձրացնել Ռուսաստանի վարկանիշը:
Բայց այս անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարակարծություններն ավելի մեծ են, քան նույնիսկ 2008թ.: Ուստի հնարավոր է, որ սա ազդի կողմերի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ լուծումներ գտնելու կարողության վրա:









































