Ազգային ժողովը մարտի 11-ին ձայների 71 կողմ, 2 դեմ և 37 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հատուկ քննչական կոմիտե ստեղծելու նախագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Վարչատարածքային օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը՝ ձայների 102 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն. կողմ քվեարկեց 111 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: ԱԺ կանոնակարգ օրենքում և դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը ևս ընդունվեց՝ ձայների 108 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թեպետ իրենք ևս այդ նախագծի հեղինակներից են և կողմ են քվեարկելու, սակայն խնդրեց նկատի ունենալ, որ իրենք կողմնակից էին «այդ հաղորդումը ԱԺ հանձնաժողովներում ևս ներկայացվելուն», այլապես այն դուրս է մնում ընդհանուր կոնտեքստից, և Սահմանադրության հետ խնդիրներ են ունենում: Վարդանյանը խոստացավ առաջիկայում անդրադառնալ այս հարցին:










































