Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ՝ մարտի 10-ին, ժամանել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք։ Սպահանի հայոց թեմի norjugha.ir կայքի հաղորդմամբ՝ ԵՄ հանձնակատարին և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բաբգեն եպիսկոպոս Չարյանի գլխավորությամբ, դիմավորել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ հոգեշնորհ տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետերը և ներկայացուցիչները։
Պատվիրակության անդամները նախ այցելել են որմանկարներով զարդարված՝ 350-ամյա պատմություն ունեցող Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսեփ Արեմաթացի եկեղեցի, որտեղ Վանքի «Կոմիտաս» երգչախումբը, Արմեն Ամիրխանյանի խմբավարությամբ, հանդես է եկել ս. Պատարագի «Մարմին տերունական», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» և «Սուրբ, սուրբ» հատվածների կատարմամբ, ապա երգել «Կիլիկիան»։ Տկն. Էշթոնը և պատվիրակության անդամները հիացմունքով են ունկնդրել ս. Պատարագի կատարումները, ապա հմայված դիտել եկեղեցու գունազարդ որմանկարները, որոնք ներկայացնում են Հին և Նոր կտակարանների ամբողջ պատմութիւնը, եկեղեցու խորհուրդները, Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքները, ինչպեսև «Դրախտ-Դժոխք» սքանչելի պատկերը։
Ապա պատվիրակության անդամները բարձրացել են վանքի Ծաղկեա դահլիճ, որտեղ առաջնորդ Սրբազանը, բարի գալստյան խոսք ուղղելով հյուրին և պատվիրակության անդամներին, անդրադարձել է իրանահայության կյանքին, նրա առավելություններին ու իրավունքներին, ներկայացրել համայնքների կյանքը հոգևոր, ազգային ու մշակութային ոլորտներում։ Նա նշել է կառավարության հետ սերտ հարաբերության մասին, ներկայացրել Իրանը որպես համագոյակցության երկիր և նշել, որ 400 տարի է արդեն հայերը, որպես քրիստոնյաներ, իսլամադավան եղբայրների ու քույրերի հետ ապրել են հարգանքով և սիրով։
Սրբազան հայրը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ, նաև անդրադարձել Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքի արդարացման վճռին՝ հիշեցնելով, որ Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը նամակով բողոքարկել է դատարանի որոշումը. Սրբազանը այդ առիթով ընթերցել է մի հատված Վեհափառ Հայրապետի նամակից։
Սրբազան հայրն ընդգծել է, որ Իրանը միշտ զորակցել է մեզ՝ մեր եկեղեցիների ու մշակութային կոթողների պահպանման գործում, մինչդեռ սրանից մի քանի տարի առաջ հարևան Ադրբեջանում ադրբեջանցիներն ավերեցին Հին Ջուղայի՝ պատմական արժեք ներկայացնող խաչքարերը, ինչն ինքնին մշակութային ցեղասպանություն է։ Թեմակալ առաջնորդը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը կդատապարտի նման արարքները, որպեսզի որևէ տեղ այլևս չկրկնվեն նման ցեղասպանությունները։
Քեթրին Էշթոնը վստահեցրել է, որ հետևողական կլինի մարդու իրավունքների պաշտպանության և ներկայացված խնդիրների լուծման հարցում։
Հանդիպման ավարտին Սրբազան հայրը հուշանվերներ է հանձնել հյուրին:
Պատվիրակության անդամները այցելել են նաև Ս. Ամենափրկչի Խաչատուր Կեսարացու անվան թանգարան, որտեղ թեմակալ առաջնորդը Հայոց ցեղասպանության տաղավարի առջև հնարավոր չափով ներկայացրել է ոճրի մանրամասներ, քարտեզի վրա ցույց տվել այն վայրերը, որտեղ իրագործվել է Հայոց ցեղասպանությունը, ցույց է տվել նահատակների աճյունների՝ Դեր-Զորից բերված մասունքները: Ապա պատվիրակությունը, շրջելով թանգարանում, դիտել է 10-18 դարերի ձեռագրերը, եկեղեցական սպասքը, յուղաներկ կտավներն ու զանազան այլ արժեքավոր ցուցանմուշները։
Սրբազան հայրը անդրադարձել է հատկապես անգլիական տպագրական մեքենային, որը Ս. Ամենափրկիչ վանքում աշխատած երրորդ տպամեքենան է եղել, նաև խոսել է Խաչատուր վրդ. Կեսարացու մասին, որն իր և գործակիցների ջանքերով Ս. Ամենափրկչում հիմնադրել է Իրանի և Միջին Արևելքի առաջին տպարանը։
Այցելության ավարտին Քեթրին Էշթոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, թանգարանի մուտքի առջև լուսանկարվել պատվիրակության անդամների, Սրբազան Հոր և ազգային մարմինների հետ։







































