Առաջիկայում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով կձևավորվի։ ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով՝ այսպիսի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն կար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս հանձնաժողովը կպարզի ամեն ինչ, ժողովուրդը կիրազեկվի՝ ինչ է կատարվել քառօրյա պատերազմի ժամանակ։
«Հանձնաժողովը կձևավորվի, ամեն ինչ պարզ կլինի՝ ով ինչ չափով է իրազեկված եղել»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում վերջին շրջանի լարվածությանը՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ վտանգներ է տեսնում․«Դրան պետք է վերջ տրվի»։
Պատգամավորն անդրադարձավ նաև Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանը․«Ես դեմ եմ նման մոտեցմանը, որ արվեց իրենց կողմից, բայց սա չի նշանակում, որ պետք է դա մատի փաթաթան դարձնենք»։









































