Ազգային ժողովում «Գովազի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դիմելով հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր են սրանով լուծում: «Այս ոլորտում մենք բավական փորձառու մասնագետներ ունեինք, եթե իրենք ներկայացված լինեին՝ կհասկանայի, բայց հիմա նայում եմ հեղինակներին՝ շատ երիտասարդ, եռանդուն, էդ տեսակ բաներից հեռու մարդիկ եք, ինչո՞ւ եք այս կազմով նման նախաձեռնությամբ հանդես գալիս»,- հարց ուղղեց նա:
Վարդանյանը նշեց, որ նաև ժամերի հետ կապված մի հարց է իրեն հետաքրքրում: Նրա խոսքով՝ որքան էլ ասեն, որ 22։00-ին անչափահասները վաղուց քնած են լինում, կարծում է՝ այդ ժամին օղու գովազդը խնդիրներ է առաջացնում հասարակական շահի իմաստով:
Ֆարմանյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնության համահեղինակները որևէ մտավախություն չունեն, թե նման օրենսդրական թույլտվությամբ անտեսվում են հասարակական շահերը: «Ես կարող եմ վիճակագրական տվյալներ ներկայացնել, որ ալկոհոլային թունդ խմիչքների գովազգի արգելումը որևէ կերպ չի փոխել երկրում ալկոհոլի սպառման մեծացման կամ փոքրացման հաճախականությունը: Առաջնային հիմնավորումը այս նախագծի այն է, որ մեկ միլիարդ դրամի չափ գումար չի մտնում հեռուստատեսային շուկա, ընդ որում՝ բոլոր հեռուստատեսությունները ֆինանսական ինքնաբավության խնդիր ունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ժամերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ունեն, ապա կարող են այն ներկայացնել, իսկ իրենք կփորձեն անդրադառնալ:
Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնության ներկայացված հեղինակային կազմին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե չգիտի՝ Վարդանյանն իր խոսքում, երիտասարդ պատգամավորներ ասելով, ցանկանում էր ընդգծե՞լ իրենց առավելությունը: «Ես ուզում եմ այդ կերպ ընկալել, բայց հաջորդ անգամ մեր նախաձեռնություններում կփորձենք ներգրավել, եթե Դուք դեմ չեք, անձամբ Ձեզ կամ Ձեզնից ավելի ավագ ու փորձառու պատգամավորների, միայն ուրախ կլինենք դրա համար»,- ասաց նա:








































