Իսրայելի զինծառայողները Աֆրիկայի ափերի մոտ կալանված նավում հայտնաբերել են 160 կմ հեռահարության 40 հրթիռ, որոնք, ենթադրաբար, Իրանը փորձել է ուղարկել պաղեստինցի գրոհայիններին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը:
Klos-C կոնտեյներատարը, որը նավարկել է Պանամայի դրոշով, շաբաթ օրն Իսրայելի ռազմածովային ուժերի ուղեկցությամբ հասել է Էյլաթ իսրայելական քաղաք: Կիրակի զինվորականներն ավարտել են բեռնաթափումը և բեռի ստուգումը, որը երկուշաբթի նախատեսվում է ցույց տալ համաշխարհային ԶԼՄ-ներին:
Բանակի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ նավի վրա եղել են М 302 «երկիր-երկիր» դասի 40 հրթիռ, 181 ականանետային արկ և 400 հազար ավտոմատի փամփուշտ: Իսրայելցիները պնդում են, որ հրթիռները արտադրվել են Սիրիայում և ինքնաթիռով տեղափոխվել են Իրան, որտեղից բեռը փորձել են հասցնել Գազայի հատված՝ դրանք թաքցնելով քաղաքացիական բեռների կոնտեյներների մեջ:









































