«Ալ-Քաիդայի» հետ կապված «Աբդուլ Ազամի բրիգադներ»խմբավորումը ներողություն է խնդրել ահաբեկչության համար, որի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Associated Press-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակված է խմբավորման կայքում:
Խոսքը փետրվարի 19-ին Բեյրութում իրականացված ահաբեկչության մասին է: Մահապարտների կազմակերպած երկու պայթյունների հետևանքով 8 մարդ է զոհվել: Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, վնասվածքներ են ստացել:
Խմբավորման հայտարարության մեջ ասված է, որ իրենց բոլոր գործիչները հատուկ հրահանգ են ստանում՝ պայթուցիկները չգործարկել, եթե դրանք կարող են վնասել ոչ նրանց, ում դեմ ուղղված են: Զինյալների պնդմամբ՝ երկրորդ պայթյունը որոտացել է տեխնիակական խափանման պատճառավ: Սուննի «Բրիգադների» խոսքով՝ իրենց գործողություններն ուղղված են ոչ թե որպես այդպիսին շիաների դեմ, այլ «Հզբոլլահի» և Իրանի դեմ, որոնք Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնում են պայքարելու նրա երկրում սուննի ապստամբության դեմ:









































