Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երևանյան լճի հարևանությամբ) վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը տեղում պարզել է, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու և Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթևեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի է ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից:
Վրաերթի հետևանքով անձը չպարզած տղամարդը տեղում մահացել է, իսկ Ա. Գյուլումյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































