ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմադիր դաշտում հատուկ դերի մասին հայտարարություն հնչեցնելը սխալ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Նախ՝ Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն լիդերի դերում չի պատկերացնում, դրա համաձայնությունն այսպես ասած՝ դեռ չկա: Սա նշանակում է, որ էդ արտահայտությունն անողը՝ առաջին նախագահը, իր ցանկությունն է ասում, իսկ թե ցանկության տակ ինչ է թաքնված՝ ոչ ոք չի կարող իմանալ՝ իրոք ուզո՞ւմ է, որ նա դառնա առաջնորդ: Մամուլում տրվեցին ամենատարբեր գնահատականներ, որ դրանով ինչ-որ քաղաքական խնդիր է լուծում, դժվար է ասել՝ ինչ կա դրա տակ, բայց այն, որ Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունը կամ գոնե որևէ փոքր ակնարկ չի արել մինչ այդ և դրանից հետո, սա արդեն իսկ նշանակում է, որ նա լիդեր դառնալու ցանկություն չունի»,- ասաց նա:
Ալեքսանյանը նշեց, որ առաջին նախագահի արտահայտությունը համարում է ոչ ճիշտ, որովհետև կապ չունի՝ ինչ տարբերակ կընտրվի, ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ մտադրություն էլ ունենար նման արտահայտություն անելիս, երբ հետ են դառնում դեպի ԲՀԿ-ՀԱԿ անցած ուղին՝ իրենց մարդկային, քաղաքական, բարոյական հարաբերություններով, ապա Տեր-Պետրոսյանի ասածը հենց իրենց՝ ՀԱԿ-ին պատիվ չէր բերում:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջին նախագահի արտահայտությունը հակասում էր իր նախօրոք ասածներին: «Ես, որպես մարդ, երբ լսեցի, վատ զգացի՝ դե, վերջը, մեր առաջին նախագահն է, չէի ուզի, որ ինքը տենց բան ասեր, հենց միայն իրենց համար, որովհետև բոլոր դեպքերում նա հիմնադիր առաջին նախագահն է, և չի կարելի, որ էսօր ինքը էդ տիպի արտահայտություններ անի: Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանը համաձայն է, համաձայն չի, դա եթե հնչեր էլ, ապա պիտի հնչեր ոչ Տեր-Պետրոսյանի շուրթերից: Դրա համար ես չեմ հավատում, թե Տեր-Պետրոսյանը ցանկանում է, որ Գագիկ Ծառուկյանն առաջնորդ լինի: Դա քաղաքական տեխնոլոգիա է: Էդ մեսիջ է, ոչ միայն մեսիջ, առաջին նախագահը դա հրապարակել է՝ նաև ռեակցիա ստանալու համար:
Ինքը խելոք մարդ է, ինչ-որ նպատակ ունեցել է՝ գուցե քաղաքական ուժերի, հասարակության ռեակցիան է ցանկացել ստանալ, համենայնդեպս՝ ինչ-որ նպատակ հետապնդել է»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն դեռևս ընդդիմադիր էլ չի, այլընտրանքային ուժ է համարվում, իսկ այլընտրանքային ուժն անպայման պիտի դառնա ընդդիմադիր ու այդպես խնդիրը լուծի: Անդրադառնալով առաջին նախագահի անցկացրած Իվանիշվիլի-Ծառուկյան զուգահեռին՝ Ալեքսանյանը նշեց, որ դա արվել է՝ ուղղակի ասածը հիմնավորել փորձելու համար, այլ կերպ չի կարող ասել:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ փորձ է արվել նախ` ստուգելու հասարակության արձագանքը, ավելի շատ ուսումնասիրման ինչ-որ փորձ է, քան թե «մեսիջ», որովհետև եթե առաջին նախագահը ցանկանար «մեսիջ» ուղարկել, կարող էր և փակ ուղարկել:
«Ես կարծում եմ՝ դա հասարակության, հասարակական շերտերի ռեակցիան ուսումնասիրելու համար էր: Նա շատ լավ գիտեր, որ բացասական ռեակցիա էլ են տալու, ինչ-որ մարդիկ իրեն ասելու են՝ ինչո՞ւ Ծառուկյանը և ոչ դու, կամ հենց Ծառուկյանն է ասելու՝ ինչու ես և ոչ` դու: Հասարակության ռեակցիան ստուգելուց բացի՝ Տեր-Պետրոսյանը նաև դնում է իր ունեցած իմիջի խնդիրը. սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:
ՀՀԿ անդամը նշեց, որ ուշադրությամբ կարդացել է ելույթը, կարծում է, որ որևէ նոր բան չասվեց, գուցե դեռ փոքր ժամանակ է անցել, սակայն քաղաքական իրավիճակի հետ կապված ինչ-որ նորություն էլ դեռ չի տեսել: Նրա կարծիքով` ելույթը հին ասածների ամփոփման նման մի բան էր, այսինքն` նախկին ասածներն ամբողջացրեց, ոչ թե հետագա անելիքների մասին ինչ-որ կոնկրետ բան ասաց, ուղղակի նշեց, որ մյուս անգամ ավելի մարդաշատ է լինելու, շարունակվելու է:
«Միգուցե մտադրություն կա շարունակելու, սա երևում է, բայց նոր բան ես չտեսա: Էդ օրը հանրահավաք անելը մի խնդիր ուներ՝ որ շատ մարդ հավաքվի, որովհետև տեսեք՝ գոնե հասարակության ինչ-որ շերտ գալիս է զոհերի հիշատակը հարգելու, և չնշել այդ մասին ավելի շատ, դրա վրա չհիմնավորել ամեն ինչ, սա ևս սխալ է, այսինքն` այդ օրը հանրահավաք անելու իմաստը նաև զոհերի հետ կապված խնդիրները պիտի լինեին, և հանրահավաքն էդ առանցքի վրա պիտի կառուցվեր: Ուղղակի էդ օրն արեցին, որ մարդիկ շատ գային, և կարծում եմ՝ չստացված հանրահավաք էր»,- ասաց նա:









































