Ամերիկյան ներկայիս պատժամիջոցները բավարար չեն պուտինյան ագրեսիան մեղմելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան՝ ամերիկյան պատժամիջոցներին:
Լեհ փորձագետը նշեց, որ այն պատժամիջոցը, որն ԱՄՆ-ն է սահմանել, բավարար չէ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Ըստ նրա՝ Պուտինը սկսել է ռազմական միջամտություն Ղրիմում և ակնկալում է առաջին հերթին Ռուսաստանի հանրության արձագանքը՝ այն ավելի կարևորելով, քան աշխարհի արձագանքը:
«Իհարկե, մենք հետևում ենք և նկատում միջազգային հանրության բավականին կտրուկ արձագանքը: Ի դեպ, ոչ միայն Արևմուտքը, այլև ողջ աշխարհն է համաձայն, որ պետք է սահմանափակել Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, բայց հիմա Պուտինի համար ավելի կարևոր է, թե ինչ է մտածում ռուս հասարակությունը, իսկ հասարակությունն արդարացնում է ռուսական ռազմական միջամտությունը Ղրիմում և Ղրիմի հնարավոր միացումը Ռուսաստանին:
Այնպես որ՝ Արևմուտքը պետք է կտրուկ միջոցներով կանգնեցնի Պուտինի ագրեսիան: Ներկայիս պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի հանգիստ մտածենք ապագայի մասին: Սրանք միգուցե կարող էին Պուտինի համար նախազգուշացնող գործողություն լինել, սակայն տեսնում ենք, որ անհրաժեշտ է կտրուկ քաղաքականություն, և այն կլինի»,- նշեց լեհաստանցի փորձագետը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Կանադան Ուկրաինայի նախկին ղեկավարի և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ, այնպես էլ ԱՄՆ-ը այցագրային սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի և Ուկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, Սպիտակ տան կարծիքով, սպառնում են Ուկրաինայի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Համաձայն ԱՄՆ նախագահի ցուցումների՝ Պետդեպարտամենտն այսօր մտցնում է վիզային սահմանափակումներ մի շարք պաշտոնյաների ու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դա հետևանք է որոշման՝ մերժել մուտքի արտոնագիր տրամադրել այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալու համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կարող է մտցնել լրացուցիչ պատժամիջոցներ: Ի դեպ, պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին խոսել են ԵՄ առանցքային բոլոր անդամ երկրները:









































