Ադրբեջանական News.az կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարմարիս հետազոտական խմբի ղեկավար, փորձագետ Աքան Սուլեն հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հայ-թուրքական սահմանի բացման մասին ակնկալիքներ տածի, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել։
«Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ ակնկալել նորմալ հարաբերություններ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը։ Մենք չենք կարող թույլատրել, որ «զավթիչ երկիրը» տնտեսական օգուտներ ստանա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից։
Դա ոչ միայն իմ որոշումն է, այլև՝ «75 միլիոն թուրքերինը»։ Կարսի՝ հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը հերթական անգամ «ցույց տվեց», որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։
Այդ հուշարձանը հարուցում էր Ադրբեջանի խոր դժգոհությունը։ Լավ էր դա, թե վատ, թուրքական իշխանությունները որոշեցին ապամոնտաժել այդ հուշարձանը, որպեսզի այն այլևս չմտահոգի Ադրբեջանին»։
Հիշեցնենք, որ հունվարին Կարս այցելած Էրդողանն այդ հուշարձանն անվանել էր «այլանդակ» և «ապամոնտաժման ենթակա»: Դրանից հետո Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարեց, որ հուշարձանի քանդման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:









































