ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին անշրջելի է, քանի որ Ռուսաստանը, որպես գերտերություն, չի հրաժարվում իր մեծապետական ամբիցիաներից, ինչը երբևէ անել չի կարող, քանի որ աշխարհը ղեկավարում են երկու գերտերություններ՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը:
Նրա խոսքով՝ սոցիալիստական համակարգի փլուզումը ցույց տվեց, որ տնտեսապես կարելի է երկրները միավորել, բայց քաղաքական հակասությունները երբևէ հնարավոր չէ վերացնել:
«Ռուսաստանը ԱՊՀ երկրների շրջանակներում չի կարող չամրապնդել իր տնտեսական հզորությունը, ներկայությունը, ակտիվությոնը, ինչը արել է Հայաստանում: Հայաստանի տնտեսության 70 տոկոսը Ռուսաստանի տիրապետության տակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում դիտարկել Ռուսաստանը Հայաստանի զարգացումներից դուրս՝ առնվազն մանկամտություն է:
Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը ցանկանում է ՄՄ, ուրեմն այն կլինի, ինչքան էլ որ ՄՄ-ն չկայանա: Նրա խոսքով՝ ՄՄ-ի կայացման որևէ նախադրյալ չկա Հայաստանում, չկա նաև այն երկրներում, որոնք այսօր միավորված են՝ Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան:
«Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՄՄ–ից, կկորցնի Ղարաբաղը. անշրջելիության խնդիրը դրված է այսպես, այլ ոչ թե դա Տեր-Պետրոսյանի ցանկությունն է»,- ասաց նա:
Զոյա Թադևոսյանը Հայաստանում չի տեսնում Մայդանի նախադրյալներ, այլ տեսնում է Հայաստանի ժողովրդի վրդովմունքը սահմանադրական կարգով արտահայտելու նախադրյալներ:











































