Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ արդեն հայտարարված պատժամիջոցներին կարող են հետևել նորերը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է, որ պատժամիջոցները կտարածվեն ռուս գործարարների և Վլադիմիր Պուտինի շրջապատի վրա:
Ֆաբիուսի խոսքերով՝ եթե ձեռք չբերվեն «արագ» արդյունքներ, կլինի պատժամիջոցների երկրորդ փաթեթ: Ավելի մանրամասն մեկնաբանություններ նա չի տվել:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի կառավարության պատվիրակությունը չի մասնակցի Սոչիի Պարաօլիմպիական խաղերին, ինչպես ավելի վաղ նախատեսվում էր:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը դադարեցրել է այցագրի ազատականացման մասին բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ գործողությունների:









































