Ինչպես այսօր հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը, Սիրիայի իշխանությունները այս տարվա մայիսին Տալ Ալ-Քալահ քաղաքում հակառավարական ցույցերը ճնշելիս կատարել են մարդկության դեմ հանցանք: Զեկույցում իրավապաշտպանները մեղադրել են Սիրիայի իշխանություններին սպանությունների, կտտանքների և անօրինական ձերբակալությունների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Amnesty International-ն իր զեկույցը կազմելիս հղում է կատարում Սիրիայի բնակիչներին, որոնք փախել են հարևան Լիբանան: Իրավապաշտպանների խոսքերով՝ ամեն ընտանիք, որի հետ հնարավոր է եղել շփվել, կորցրել է առնվազն մեկ բարեկամ: Առնվազն 9 մարդ, որոնք ձերբակալվել են Սիրիայի հատուկ ծառայությունների կողմից, սպանվել են բանտում:
Amnesty International-ում ասել են, որ շատերին հոսանքահարությամբ են տանջում: Սիրիայի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս մեղադրանքները:










































