«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
– Ուկրաինայի արևելյան հատվածի և մասնավորապես Ղրիմի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակվում է: Կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսն ուկրաինական զարգացումների վերաբերյալ, որը որպես նահանջ որակվեց, բայց գործընթացները շարունակվում են: Ի՞նչ է կատարվում և ո՞ւր են դրանք տանում:
– Ղրիմում շատ կարևոր գործընթացներ են գնում: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ 1994թ. ես առաջարկությամբ հանդես եկա, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանը կնքեին պայմանագիր, ինչը հիմա, փաստորեն, Ղրիմն է ուզում անել Կիևի հետ. անկախ պետություն, որը գտնվում է պայմանագրի մեջ Կիևի հետ, որը պաշտոնական ձևով կարծես հաշվի է առնում, որ կան հատուկ կապեր այդ 2 տարածքների միջև, բայց իրականությունն այն է, որ Ղրիմը լրիվ դառնում է անկախ պետություն, համենայնդեպս` այդպիսին է հարցի իմաստը, որը դրվելու է հանրաքվեի ժամանակ:
Այսօր ոչինչ չի խանգարում, որ այդ հանրաքվեն նորմալ անցկացվի, քանի որ Կիևը կորցրել է ամեն տեսակի հնարավորություն՝ ազդելու Ղրիմում իրադարձությունների զարգացման վրա: Ղրիմում նախ Սևաստոպոլի քաղաքապետն ընտրված է ժողովրդի կողմից և կառավարության ղեկավարն էլ նշանակված է տեղական պառլամենտի կողմից` Աքսիոնովը, և նույնիսկ պաշտոնական ձևով համաձայնեցված է գործող նախագահ Յանուկովիչի հետ, իսկ նա հայտարարել է, որ բոլոր ԶՈւ-երը թերակղզում գտնվում են իր հրամանատարության տակ: Այսինքն` որևէ լծակ Ղրիմի վրա ազդելու համար Կիևը չունի, բացի նրանից, որ Ղրիմում հայտարարում են, որ Կիևում իշխանությունները լեգիտիմություն չունեն, նրանք պետական հեղաշրջում են կատարել: Այնպես որ, այս իրադարձությունների մեջ, ըստ իս, Ղրիմը կանցկացնի հանրաքվեն, կստանա անկախություն, և եթե Կիևը պատրաստ լինի պայմանագիր կնքելու, նրանք ինքնուրույնության այնպիսի տարրեր կմտցնեն, որ կա՛մ Կիևը կհրաժարվի, կա՛մ էլ ստորագրելու դեպքում կլինի ռեալ անկախություն, պաշտոնական ինչ-որ կապի մեջ Կիևի հետ:
Ժամանակին, իմիջիայլոց, այդպիսի միտք կար, և ես հիշում եմ՝ 1994թ. ՌԴ արտաքին գործերի նախարարությունում ես այդ միտքն առաջարկեցի, այդ նախագիծը նաև քննարկում էի Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսինքն` ռեալ անկախություն և ձևական ինչ-որ կապ, անգլերեն ասում են face saving, այսինքն` երես փրկելու համար, թե իբր ինչ-որ կապ կա այդ երկու պետական կառույցների միջև:
Ղրիմում իրադարձությունները հասկանալի են և պարզ, ավելի բարդ է իրավիճակն Ուկրաինայի արևելյան մասում` Օդեսա, Խարկով, Դնեպր, Դոնեցկ և այլն, և այստեղ Ռուսաստանի խիստ դիրքը Կիևի նկատմամբ նրանց մեծ եռանդ ու ուժ է հաղորդել, որ իրենք էլ պայքարեն Արևմուտքից եկող զինված խուժանի դեմ, որոնք եկել և գրավում էին զանազան պետական հիմնարկություններ` փորձելով վախեցնել տեղական իշխանություններին և ժողովրդին, թույլ չտալ, որ բելառուսական զորքերն այնտեղ կարողանան ամրացնել իրենց հնարավորություններն ու ուժերը:
Իհարկե, այս բոլորը բերում է ավելի կարևոր հարցի՝ ինչպիսի՞ն է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Բրյուսելի արձագանքը: ԱՄՆ-ը և Եվրոպան ճանաչում են Կիևի տեղական իշխանություններին, չնայած իշխանությունները կազմակերպվել են` կոպիտ խախտելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել փետրվարի 21-ի համաձայնագրի արդյունքում: Եվ փաստորեն՝ որի երաշխավորներն էին Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները: Նրանք համարում են, որ սա լեգիտիմ իշխանություն է՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն էլ չի կարծում, թե Կիևում կա լեգիտիմ իշխանություն: Կիրակի օրը շատ խիստ հայտարարություններ եղան Քերիի, Օբամայի և մյուսների կողմից, եղան նույնիսկ սպառնալիքներ, համենայնդեպս՝ հնարավոր է, որ մոտ օրերի ընթացքում որոշումներ ընդունվեն, չնայած բացառում եմ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ինչ-որ ձևով ռազմական մասնակցությունը, թեև կա առաջարկություն, որ ֆինանսական, տնտեսական միջոցներով Ռուսաստանին մեկուսացման ենթարկեն:
Պետք է ասել, որ ավելի լուրջ մասնագետները համարում են որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Արևմուտքի հնարավորությունները սահմանափակ են Ռուսաստանի նկատմամբ խիստ ճնշում գործադրելու համար, որովհետև Եվրոպան իր 30 տոկոս գազը և նավթի պահանջարկի 30 տոկոսը ստանում է Ռուսաստանից, և դժվար թե մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում նրանք կարող են ալտերնատիվ միջոցներ ստանալ: Այս իրադրությունում էլ, երբ Ռուսաստանը միանշանակ հայտարարել է, որ ցանկություն չունի անեքսիայի ենթարկելու Ուկրաինայի որևէ տարածք, անիմաստ է այլ միջոցների դիմելը:
– Պարոն Միհրանյան, այսինքն՝ Դուք չեք տեսնում «սառը պատերազմի» ներուժ, որի մասին խոսել էր հենց ԱՄՆ ներկայացուցիչ Մըկքեյնը, փոխարենը՝ կարծում եք, որ ԱՄՆ հնարավորությունները սահմանափակ են այս հարցում:
– Մըկքեյնն այդպես էլ դուրս չեկավ «սառը պատերազմի» սահմաններից: Ցավոք սրտի, տարիքը չի ավելացնում խելքը, և ցավոք սրտի, օգնականներն էլ չեն օգնում, որպեսզի նա ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվում աշխարհի այդ մասում, որը կոչվում է Ռուսաստան, Ուկրաինա և այլն, և այլն: Նա ունի շատ աղոտ պատկերացում: Պատահական չէ, որ նա նաև Կիևում կանգնած էր Տյագնիբոկի հետ, ով համարվում է նացիոնալիստ, իսկ Սիրիայում նկարվել էր այնպիսի մարդկանց հետ, որոնք ներկայացնում էին «Ալ-Քաիդա»-ն: Ինձ չի զարմացնում, որ այդպիսի մարդիկ ցանկանում են նորից սկսել «Սառը պատերազմը» և փորձել բոլոր ուղղություններով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, կարծես թե Ռուսաստանը դեռ հին Սովետական Միությունն է, որն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը:
– Շատ տեսակետներ են հնչում, որ ուկրաինական զարգացումներից հետո Ռուսաստանը կփորձի վերանայել հարաբերությունները հետսովետական երկրների, մասնավորապես` հետսովետական տարածքում իր գործընկերոջ` Հայաստանի հետ: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է լինելու այդ նոր հարաբերությունների որակը: Ոմանք պնդում են, որ ավելի կտրուկ հարաբերություններ են լինելու, ոմանք էլ`ավելի արժանապատիվ:
– Ինձ թվում է, որ դրանք բոլորովին դատարկ խոսակցություններ են: Ռուսական կողմը միշտ հանդես է գալու այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ դրանք կարող են լինել ավելի պակաս հարգալից, քան այսօր կան, ընդհակառակը՝ ավելի ջերմ և ընկերական են լինելու, ավելի խորը, քան այժմ են:
– Պարոն Միհրանյան, այնուամենայնիվ, Դուք Արևմուտք-Ռուսաստան դիմակայության արդյունքում ո՞ր կողմի դիվանագիտական հաղթանակն եք կանխատեսում և ինչո՞ւ:
– Անհրաժեշտ է, որ լինեն բանակցություններ, փոխզիջումներ և այլն, բայց այսօր ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի արևմուտքը և Արևմուտքը մեծ պարտություն կրեցին Ուկրաինայում:
– Ինչո՞ւ:
– Իրենց ապուշության պատճառով և իհարկե բոլորովին չհասկանալով, թե ինչ քաղաքականություն էր պետք վարել և չհասկանալով, որ իրենց շահերը միշտ առաջ էին տանում այն մարդիկ, որոնք Արևելքից էին գալիս: Նացիոնալիստների հաղթանակը Կիևում Ուկրաինայի վերջն է: Նրանք դա չեն հասկացել:







































