Արդեն ներկայացրել ենք, որ Վանաձոր համայնքի ներկայիս ավագանին վերաքննության կարգով բողոքարկել է հօգուտ համայնքի բնակչի՝ դեռ նախկին ավագանու օրոք կայացված դատարանի վճիռը, որով քաղաքապետը, գրավադրելով համայնքի բյուջեն, միանձնյա, առանց ավագանու որոշումների, պարտավորվել է կառուցվող շենքում բնակարան չհատկացնելու դեպքում բյուջեից բնակչին փոխհատուցել 38 հազար դոլար: Եվ նրա կողմից դեռ 3 տարի առաջ ուժի մեջ մտած օրինական ակտը չկատարելու հետևանքով համայնքի բյուջեն այսօր հայտնվել է արգելանքի տակ: Այժմ քաղաքապետն ավագանու միջոցով փորձում է բողոքարկել իր իսկ առաջարկած հաշտության հիմքով կայացված դատական ակտը: Վերաքննիչ բողոք է բերվել այն հիմնավորմամբ, թե համայնքի ավագանին այս գործի քննությանը չի մասնակցել, և դատարանը վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձած ավագանու իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց մի քանի գումարման ավագանու վերընտրված անդամների հետ, որոնք չէին կարող տեղյակ չլինել քաղաքապետի գործարքներից, նրա պարտքից և համայնքային խնդրի վերաբերյալ հինգ տարվա դատական գործընթացից:
Գայանե Քալանթարյանը հավաստիացրեց, որ ոչ մի անգամ այս հարցը ավագանու քննարկմանը չի ներկայացվել: «Իհարկե, բնակարանների հետ կապված խոսակցություններ եղել են, բայց այս հարցի հետ կապված քննարկում չի եղել, և ավագանին տեղեկացված չի եղել այդ գործընթացներին»: Հարցին՝ տեղյակ էլ չէ՞, որ բյուջեից մոտ 2000 դոլարի չափով արդեն փոխանցում է արվել նույն դատական ակտով նախատեսված՝ պետտուրքի, փաստաբանական և փորձագիտական ծախսերի փոխհատուցման համար, տիկին Գայանեն անորոշ պատասխան տվեց. «Դա մեծ գումար չէ, և գուցե ուշադրություն չենք դարձրել: Նոր պետք է, կարծեմ, փոխհատուցվի… Ոչ, ես անձամբ չեմ հիշում: Գուցե այնտեղ այլ ծախսեր կան, այլ ծախսերի մեջ լինի: Բայց նպատակային բյուջեից որևէ տող ես չեմ հիշում: Իրոք, չեմ նկատել նման ծախսեր»:
Ավագանու անդամ Սեյրան Աղաբեկյանը, սակայն, հակադարձեց տիկին Գայանեին, որ «Այլ ծախսեր» տողով բյուջեից չէր կարող գումար փոխանցվել դատական ծախսերի փոխհատուցման համար: «Այլ ծախս չի, դա կոնկրետ ծախս է: Չի կարող տող չներմուծվել»,-ասաց Ս. Աղաբեկյանը՝ չնայած իր հերթին պնդեց, թե բացարձակապես տեղյակ չէ քաղաքապետի գործարքներից:
Քաղաքապետի թիմակից ավագանու անդամը նաև հետևյալ ծայրահեղ կարծիքը հայտնեց. «Մենք մեզ նվաստացած ու արհամարհված չենք զգում: Էն ժամանակ կզգանք, եթե առանց մեզ էդ գումարը գնա-կորչի: Բայց եթե բնակչին փոխհատուցեն, պետք է անպայման գա, բյուջե նստի, դա նենց ժամանակավոր բան է: Ասենք՝ պարտքով տվել են, հետ կգա»:
Ավագանու անդամ Արմեն Այվազյանն էլ, որն արդեն 8 ամիս է՝ չի մասնակցում ավագանու նիստերին երկրից արտագաղթած լինելու պատճառով, հետևյալը փոխանցեց Ռոստովից. «Տեղյակ եմ միայն, որ շենքը կառուցելուց հետո այդ ընտանիքներին պետք է բնակարան տրվեր: Բայց ես բնակչին գումար տալու կամ դատարանին գումար վճարելու համար երբևէ չեմ քվեարկել և ոչինչ չգիտեմ: Դատական նիստերի, քաղաքապետի հաշտության մասին էլ նոր եմ լսում: Օրենքում հստակ նշված է, որ համայնքի բյուջեն տնօրինում է ավագանին, և նույնիսկ ցանկության դեպքում քաղաքապետը իրավունք չունի ֆինանսական պարտավորություն վերցնել համայնքի բյուջեի հաշվին: Ինչ վերաբերում է պարտքին, շինարարն է պարտավոր բնակարանով ապահովել բնակիչներին: Ինչո՞ւ է քաղաքապետը անձնապես հանդես եկել, երաշխավորել շինարարին, որ հետո էլ կալանք դրվի քաղաքապետարանի վրա. ես դա համարում եմ անօրինական: Քաղաքապետարանի հաշվի վրա կալանք կարող է դրվել այն դեպքում, եթե ֆինանսական պարտավորության մասին լինի ավագանու որոշում: Այլապես ստացվում է՝ վաղը քաղաքապետի անձնական պարտքերի համար էլ պետք է քաղաքապետարանի վրա կալանք դրվի, ծիծաղելի է»:
Ավագանու անդամների խոսքով՝ իրենք բացարձակապես անտեղյակ են այս ամբողջ պատմությունից, դատական գործընթացից և բյուջեի հաշվին քաղաքապետի ստանձնած ֆինանսական պարտավորություններից: Բայց փաստաթղթերն այլ բան են ասում. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով՝ Վանաձորի քաղաքապետարանից և «Վիմպերգ» ՍՊԸ-ից համապարտության կարգով հօգուտ բնակչի պետք է բռնագանձվի ոչ միայն նշված 38 հազար դոլարը՝ բնակարանի փոխհատուցման համար, այլև 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 40 հազար 800 դրամ՝ որպես փորձաքննության հետ կապված ծախս, ինչպես նաև հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 277 հազար 500 դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:
Ըստ վճարման անդորրագրերի՝ 2011-14 թթ., այսինքն՝ նախկին և ներկայիս ավագանու օրոք, Վանաձորի քաղաքապետարանից նշված վճռի կատարման հիմքով դրամական փոխանցումներ են արվել «Փորձաքննությունների ազգային բյուրոյի», ֆիննախի և դատը շահած բնակչի բանկային հաշիվներին: Իսկ առանց ավագանու իմացության՝ բնականաբար, ոչ մի լումա չի կարող դուրս գալ համայնքային բյուջեից՝ այն էլ որպես հիմնավորված ծախս:









































