ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Ռուսաստանում այդ հայտարարություններն արդեն որակել են որպես սառը պատերազմի ոգի պարունակող հայտարարություններ:
Այն, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմ էր հասունանում, ակնհայտ էր վաղուց, ուկրաինական իրադարձություններն ու ղրիմյան զարգացումները, Ղրիմի մասով Ռուսաստանի գործողությունները միայն խթանեցին այս միտումները: Եվ բնական է, որ այս գործընթացում կիզակետում պետք է հայտնվեր նաև ՆԱՏՕ-ն: Առաջին հերթին պետք է հայտնվեր ՆԱՏՕ-ն՝ որպես եվրաատլանտյան հանրույթի անվտանգության գլխավոր գործիք:
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վերանայումը կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի հարաբերությունների վրա: Այս հարաբերությունները կառուցվում են գործընկերային սկզբունքով, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց առանցքը Անհատական գործընկերության ծրագիրն է: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները գերկարևոր են առնվազն այն առումով, որ հյուսիսատլանտյան դաշինքն այսօր աշխարհում առաջատար անվտանգության բլոկն է բոլոր առումներով: Եվ այս տեսակետից Հայաստանը ՆԱՏՕ-ից վերցնելու շատ բան ունի, թեև շատ բաներ վերցնելն էլ թույլ չի տալիս Ռուսաստանը: Օրինակ, Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում մի քանի ամիս առաջ պարտադրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները երրորդ երկրների հետ,- խոսքը ռազմական հարաբերությունների մասին է,- սահմանափակվում են և ենթակառուցվածքային բնույթ կարող են ունենալ միայն ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման պայմաններում: Ոչ մի կասկած չկա, որ եթե ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ տեղի ունենա վերանայում, ինչը այլ կերպ, քան լարվածություն բնորոշել հնարավոր չէ, ապա Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ճնշումները այս մասով ավելի կուժեղացնի՝ պահանջելով էլ ավելի սահմանափակել Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այս տեսանկյունից, Հայաստանի արձագանքի մասով առանձնապես հույսեր ներշնչող նախադրյալներ չկան, չկան հիմքեր ենթադրելու, որ Հայաստանը կարող է ինքնուրույնություն ցուցաբերել:
Այստեղ առանցքային հարցը դառնում է այն, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայող ՆԱՏՕ-ն ինչ պատկերացումներ ունի Հայաստանի հետ հարաբերությունների մասով, հենց այդ դեպքում, հաշվի առնելով Ռուսաստանի հենց նմանօրինակ արձագանքը: Այսինքն՝ ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է Հայաստանի հետ հարաբերություններում հնարավոր նահանջի, թե՞ հաշվի առնելով նման ռուսական արձագանքը և Հայաստանում այդ արձագանք-պահանջները մերժելու, այսպես ասած, կամքի ու պոտենցիալի բացակայությունը՝ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունները պահելու մասով անելիքների մասին որոշակի պատկերացումներ ունի:
Խնդիրն ընդամենը այն է, թե Հայաստանն ինչ կարևորություն ունի ՆԱՏՕ-ի համար, այս կարևորությունը ռազմավարակա՞ն է, թե՞ զուտ վիճակագրական:








































