«2005 թ. կատարված փոփոխություններով Սահմանադրությունը չդարձավ այնպիսին, ինչպես մենք՝ իրավաբաններս կուզեինք։ Սակայն ավելի լավ է մի քիչ մանրուքներ թերի լինեն, քան նորից փոփոխություններ կատարվեն»,- բարեփոխված Սահմանադրության մասին կարծիք հայտնելով ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։ Ըստ իրավաբանի՝ օրենքների թեկուզ դրական փոփոխություններ չի կարելի կատարել շատ հաճախ։ «Օրենքները չափից հաճախ են փոփոխությունների ենթարկվում մեր երկրում։ Փոփոխությունները երբեմն չարիք են»,- ասում է Հայկ Ալումյանը։
Փոփոխություններ կատարելու կողմնակիցներին Ալումյանը խորհուրդ է տալիս փոփոխությունների ընդունման համակարգը փոխել։ Ըստ իրավաբանի՝ փոփոխությունները չպետք է ներկայացվեն փաթեթի տեսքով, այլ կետ առ կետ, քանի որ երբեմն շատ լավ փոփոխությունների հետ մեկտեղ փաթեթները պարունակում են նաև բացասական փոփոխություններ։ Այսպիսով, իրավաբանները կանգնում են երկընտրանքի առաջ՝ ընտրություն կատարել «չարյաց փոքրագույնը» սկզբունքով առաջնորդվելով։
2005 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով բազում դրականի կողքին կատարվել են նաև բազում բացասական օրինական փոփոխություններ։ «Վճռաբեկ դատարանը, օրինակ, դարձել է միայն իրավունքի զարգացման մարմին, իսկ նախկինում այն երրորդ աստիճանի դատարան էր, ուր կարելի էր բողոքարկել։ Ես անձամբ դեմ եմ նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի վերացմանը։ Սակայն դրական շատ փոփոխություն տեսնելով, ես կանգնեցի այլընտրանքի առջև՝ քվեարկել կո՞ղմ, թե՞ դեմ»,- ասում է Հայկ Ալումյանը։










































