Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նորվեգացի կոլլաբորացիոնիստի (թշնամուն գործակցող անձ) հետ:
«Ուկրաինան այժմ ունի սեփական Քվիսլինգ: Նստել է ուրիշ տարածքում և խնդրում է ուրիշի բանակին իրեն վերադարձնել իր երկիրը»,- Twitter-ում գրել է նախարարը՝ նկատի ունենալով Վիդկուն Քվիսլինգին: Նա նորվեգացի ազգայնական սոցիալիստների առաջնորդն էր, ով եղել է նացիստների դրածոն երկրի օկուպացման ժամանակ:
Նման դիտարկումը Բիլդտն արել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Ուկրաինայում խաղաղության ապահովման վերաբերյալ՝ ռուսական իշխանություններին ուղղված Յանուկովիչի խնդրանքի մասին: Յանուկովիչի ուղերձը գիշերը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ հանդիպման ժամանակ ընթերցել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Կառլ Բիլդտը Եվրոպայում առաջիններից մեկն էր, ով ճանաչել է իշխանափոխությունն Ուկրաինայում:








































