Ուկրաինական դեպքերն ավելի ցցուն դարձրին այն տրիվիալ իրողությունը, որ Հայաստանում հեղափոխությունը ոչ միայն հասունացած է, այլև օրապահանջ: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ժամանակ» թերթի և «Առաջին լրատվական» կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը:
«Բայց կարծում եմ, որ մենք իրավիճակին համարժեք քաղաքական դաշտ չունենք: Դաշտի հիմնական խաղացողները պարազիտներ են, որոնք ուղղակի ապականում են հիմնարար փոփոխությունների հանգեցնելու ընդունակ էներգիան: Երբ աշխարհաքաղաքական այս խոշոր փոփոխություններն անուշադրության են մատնվում քաղաքական ուժերի կողմից, երբ օրակարգում շարունակում է մնալ բուժուադեմոկրատական թեզը, ուղղակի սարսափում ես այն արգելակներից, որոնք գործում են քաղաքական դաշտում և թույլ չեն տալիս ակտիվ գործողություններ իրականացնել»,- ասաց նա:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ երբ Վիկտոր Յունուկովիչի և նրա շորջ տեղի ունեցող զարգացումները բոլորովին այլ երանգավորմամբ են ներկայացվում, երբ խոսքն իջեցվում-հասցվում է Գագիկ Ծառուկյան-Բիձինա Իվանիշվիլի մակարդակի, ողբ ես ապրում: «Համեմատությունից, թե ի՞նչ պակաս է Ծառուկյանն Իվանիշվիլիից, հասկանում ես, որ իրավիճակի համար ավելի շատ պատասխանատու է դառնում ընդդիմությունը, քան իշխանությունը: Ընդդիմության չգոյությամբ հույսն է ավարտվում, իսկ այն, ինչ ունենք, իսկապես ողբերգական է:
Ինչ վերաբերում է Իվանիշվիլի՞, թե՞ Ծառուկյան թեզին, ուղղակի կասեմ, որ Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսվում 33 տարեկանից, և նա բռնաբարության համար չի նստել: Այսքանը, կարծում եմ, բավական է, որպեսզի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այս թեզը հասկանալով դնի շրջանառության մեջ:
Եթե այդ մասին Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը լավ չեն հասկանում, ապա Տեր-Պետրոսյանը հաստատ հասկանալով է քաղաքական դաշտում այդ ավերը գործում»,- ասաց «Ժամանակ թերթի խմբագիրը:
Արման Բաբաջանյանը նշեց, որ չի կարող չհամաձայնել՝ Մաքսային միությունը ձախողված է: «Ավելի կարևոր է, որ ձախողված է Եվրասիական միությունը, բայց դրանից չպետք է ուրախանալ: Մենք ավելի մեծ մարտահրավերների առջև ենք կանգնում՝ կապված մեր ռազմավարական գործընկերոջ գործողությունների հետ: Հայաստանն ընտրել է այնպիսի ռազմավարական գործընկերոջ, որն ամբողջ աշխարհի համար գլխացավանք է դարձել: Մենք ինչ-որ առումով պատասխանատու ենք լինելու ՌԴ գործողությունների համար, քանի որ տարածաշրջանում ֆորպոստություն ենք անում նրա համար: Այստեղ ոչ միայն կարևոր է ՀՀ իշխանությունների արտաքին գործընկերների հարցում դիվերսիֆիկացիան, այլև այն, որ ներսում չունենք հստակ և ընդգծված արևմտամետ հատվածներ, որոնք արևմտյան գործընկերենրին հնարավորություն կտային հենվել նրանց վրա:
Սեպտեմբերի 3-ից առաջ և հետո ռուսներն ամբողջությամբ կլլեցին քաղաքական դաշտը և ՄՄ-ին հակառակորդներ ու ՀՀ անկախության համար իրապես պայքարողներ մնացին միայն մարգինալները: Մենք կանգնեցինք դառը իրողության առջև, որ մեզ համար, այո, պարտադիր կուտակայինն ավելի կարևոր խնդիր է, քան ՀՀ պետականության պահպանութան ու անկախության համար պայքարը: ՄՄ-ին դեմ դուրս եկան մի քանի հարյուր հոգի, իսկ պարտադիրի համար շարունակվում է նաև հազարների պայքարը: Դրան միացել են նաև չարաբաստիկ ոչ իշխանական քաղաքական ուժերը»,- ասաց նա:
Ամփոփելով՝ «Ժամանակի» խմբագիրը նկատեց, որ դասերը չեն սերտվել, իսկ հեղափոխության վտանգները չափազանց մեծ են:
«Հասարակությունն ու քաղաքական դաշտը պատրաստ չեն փոփոխությունների, դրա համար էլ ցանկացած գործողություն վտանգավոր է: Իսկ մենք ունենք փայլուն երիտասարդություն, որը պատրաստ չէ հարմարվել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական այն ձևակերպումներին ու բաղադրատոմսերին, որոնք առաջարկվում են: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն անում են ամեն բան, որ Մայդանը Հայաստանում այլընտրանք չունենա»,- ասաց Արման Բաբաջանյանը:










































