News Georgia-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին «ցավալի» է համարել այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում չի աջակցել «Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների ու ներքին տեղահանվածների մասին» բանաձևին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանն ու Հայաստանն ունեն մի շարք խնդրահարույց հարցեր, որոնց թվում է նաև այդ հարցը։ Մենք գիտենք հակամարտությունների վերաբերյալ նրանց (Հայաստան) դիրքորոշման մասին, որը ելնում է Հայաստանի ունեցած խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի հայացքից։ Մենք մեր ընկերներին (Հայաստան) բացորոշ հայտարարում ենք, որ այդպիսի դիրքորոշումն անընդունելի է Վրաստանի համար։
ՄԱԿ ԳԱ-ում տվյալ խնդրի քվեարկության դրվելուց առաջ Վրաստանի ԱԳՆ-ը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին՝ խնդրելով աջակցել այդ հարցում։ Մենք ցավով ընդունեցինք այն փաստը, որ Հայաստանը տվյալ խնդրի շուրջը չի կիսում մեր պաշտոնական դիրքորոշումը, մանավանդ մենք պաշտոնապես հայտարարել էինք, որ բանաձևը կրում է հումանիտար բնույթ և չունի քաղաքական մոտիվ։
Պաշտոնական Թբիլիսին շարունակում է ջանքեր գործադրել իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ հայ գործընկերներին համոզելու համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԱԿ ԳԱ-ում վերոնշյալ բանաձևի քվեարկության ժամանակ դրա օգտին քվեարկել էր 57 երկիր, դեմ՝ 13 երկիր, իսկ 74 երկիր էլ ձեռնպահ էր մնացել։










































