Եվրամիությունը պատրաստ է սառեցնել այցագրի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ և սահմանել «հասցեագրված սահմանափակող միջոցներ» (երկրի ղեկավարության ներկայացուցիչների հանդեպ Եվրոպա մուտքի սահմանափակում), եթե ձեռք չբերվեն պրակտիկ միջոցներ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ԵՄ խորհրդի արտահերթ հանդիպումցի հետո:
Նա նաև հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն Ուկրաինա է ուղարկում մի խումբ փորձագետների՝ տեղում իրավիճակի մոնիթորինգ անցկացնելու համար:
«Մեծ է հավանականությունը, որ այս շաբաթ կգումարվի ԵՄ արտահերթ գագաթնաժողով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման հարցով: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս կընդունվեն միջոցներ իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար» ,- ասել է Էշթոնը:
Նա նաև Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Կիևի նոր իշխանությունների հետ՝ քննարկելու համար իրադարձությունների զարգացումը, որոնց մասին երկու կողմերը դատում են միայն հեռուստառեպորտաժներից:









































